28/11/2016 13:11
Ֆիդել Կաստրոյի լուսանկարները սև ժապավեններով հայտնվել են Հավանայի շինությունների վրա
Կուբայի նախկին նախագահ Ֆիդել Կաստրոյի լուսանկարները և Ազատության կղզու ազգային դրոշները սև ժապավեններով հայտնվել են Հավանայի տների, բիզնես կենտրոնների վրա, հայտնում է ТАСС–ը։
Կուբայի Կոմկուսի տպագիր մարմին Granma թերթը վաճառքի է հանվել սև գույներով, առանց նրան բնորոշ կարմիր գույնի։ Առաջին էջում միայն մեկ արտահայտություն է. «Կուբան Ֆիդելն է»։
Ավանդական կուբայական ռիթմը, որը սովորական օրերին լսվում է Հին Հավանայի փողոցներում և զբոսաշրջային կենտրոններում, անսպասելի լռել է ժամանցային միջոցառումների արգելքի պատճառով։ Բացի այդ, կիրակի օրը առևտրի կենտրոնները դադարել են սպիրտային խմիչքներ վաճառել՝ այդ մասին համապատասխան հայտարարություններով նախազգուշացնելով գնորդներին։ Երկրում 9-օրյա սուգի կապակցությամբ ընդհատվել է բեյսբոլի ազգային առաջնությունը։
Որպեսզի բոլոր ցանկացողները կարողանան Հեղափոխության հրապարակում հրաժեշտ տալ Ֆիդել Կաստրոյին, չեղարկվել են կրթական հաստատություններում դասերը։ Նոյեմբերի 29-ին այդ հրապարակում մեծամասշտաբ հանրահավաք տեղի կունենա, որին սպասվում է նաև այլ երկրների ներկայացուցիչների ներկայությունը։