30/11/2016 16:47
Այն իրավիճակը, որ կա «Փոքր Մհեր» կրթահամալիրում, անթույլատրելի է. ՄԻՊ-ը մտահոգիչ խնդիրներ է բացահայտել
«Փոքր Մհեր» կրթահամալիրում կատարված ուսումնասիրության արդյունքում բացահայտել են մտահոգիչ խնդիրներ, որոնք հիմնարար լուծումներ են պահանջում, լրագրողների հետ զրույցում այսօր ասաց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
«Հարցը կրթության նախարարի հետ քննարկել եմ, ներկայացնելու ենք մեր նկատառումներն ու մտահոգությունները», - ասաց նա:
Արման Թաթոյանը շեշտեց՝ սաների հետ զրույցների արդյունքում բացահայտել են, որ տնօրենի կողմից եղել են արժանապատվությունը վիրավորող անպարկեշտ արտահայտություններ:
«Սակայն մտահոգիչ խնդիրները, որ բացահայտվել են, վերաբերում են նաև կրթահամալիրի գործունեությանն առնչվող իրավական ակտերին: Ես հետևողական եմ լինելու, որպեսզի պահանջները կատարվեն: Այստեղ մեծ է վտանգը խախտումների, որովհետև փակ հաստատություն է», - նշեց ՄԻՊ-ը:
Արման Թաթոյանն ընդգծեց՝ այն իրավիճակը, որ կա կրթահամալիրում, անթույլատրելի է ու պետք է փոփոխության ենթարկվի:
Հիշեցնենք՝ նոյեմբերի 28-ին կրթահամալիրի սաներն առավոտից բողոքի ցույց էին սկսել՝ պահանջելով նորանշանակ տնօրեն Վահագն Յաղմուրյանի հրաժարականը:
Ըստ սաների` տնօրենն իրենց անվանում է «անասուններ», «հորթեր», «դիշովկաներ» և նույն վերաբերմունքն ունի նաև կրթահամալիրում դասավանդող սպայակազմի նկատմամբ:
Ստեղծված իրավիճակին տեղում ծանոթանալու համար Կրթության ու գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հանձնարարությամբ ստեղծվել էր աշխատանքային խումբ, իսկ ՄԻՊ որոշմամբ անհապաղ այց էր իրականացվել կրթահամալիր: