01/12/2016 22:45
ՀՀԿ նախագահի առաջին տեղակալի ամենահավանական թեկնածուն Կարեն Կարապետյանն է. Շարմազանով
ՀՀԿ գործադիր մարմնի նոր կազմով առաջին նիստում քննարկվել են ներկուսակցական ու ներքաղաքական հարցեր, անդրադարձ է կատարվել ՀՀԿ համագումարին, նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Համագումարը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ քաղաքական օրակարգի թիվ մեկ դերակատարը ՀՀԿ-ն է, այն ունի առաջ շարժվելու ու եղածը պահպանելու ներուժ, բարեփոխվելով ու հանրային կյանքի բոլոր ոլորտներում որակական փոփոխություններ անելով», - նշեց նա:
Հարցին՝ քննարկվե՞լ է, թե ով է զբաղեցնելու կուսակցության նախագահի առաջին տեղակալի պաշտոնը, ՀՀԿ խոսնակը պատասխանեց. «Մեր կուսակցության կանոնադրության համաձայն՝ կուսակցության փոխնախագահները, հանձնաժողովի անդամներն ընտրվում են խորհրդի նիստի ժամանակ, օրը դեռևս հայտնի չէ, սակայն մինչև դեկտեմբերի 25-ը կհրավիրենք առաջին նիստը և կորոշենք: Իհարկե, խորհուրդն է որոշելու, բայց այս պահին ամենահավանական թեկնածուն վարչապետ Կարեն Կարապետյանն է», - նշեց Է. Շարմազանովը: