02/12/2016 13:53
Նորք-Մարաշում վնասազերծված զինված խմբի գործով դատական առաջին նիստը հետաձգվեց
Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում հետաձգվեց Նորք-Մարաշում 2015թ. նոյեմբերին վնասազերծված զինված խմբի գործով առաջին դատական նիստը:
«Դատական նիստը հետաձգվում է մինչև 2017 թվականի հունվարի 13-ը՝ ժամը 14:30-ն», - հայտարարեց դատավոր Արմեն Բեկթաշյանը:
Նրա խոսքով՝ այդուհետ այս գործով դատական նիստերը տեղի կունենան յուրաքանչյուր շաբաթվա ուրբաթ օրը:
Դատական նիստը հետաձգվեց, քանի որ ներկա չէր մեղադրյալներից պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանը, իսկ գործում ներգրավվել են հանրային պաշտպաններ, ովքեր ժամանակ խնդրեցին նյութերին ծանոթանալու համար:
Այս գործով, հիշեցնենք, անցնում է 20 անձ: Որպես զինված խմբի ղեկավար՝ ներկայացվում է Արթուր Վարդանյանը:
Ըստ մեղադրական եզրակացության՝ 2015թ. ապրիլից գտնվելով ՀՀ տարածքում, նա ստեղծել ու ղեկավարել է ՀՀ քաղաքացիներից կազմված հանցավոր համագործակցություն, կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել, փոխադրել և կրել մեծ քանակությամբ զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, պայթուցիկ սարքեր` նպատակ ունենալով Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը յուրացնել, այսինքն` զավթել` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքով, ինչը ավարտին չի հասցվել:
2015 թ. նոյեմբերի 25-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հանցավոր խումբը բացահայտվել և վնասազերծվել է: Հայտնաբերվել են մեծ քանակի ռազմամթերք, պայթուցիկ և այլ նյութեր, զինվորական հանդերձանք, փաստաթղթեր և այլ իրեր:
Գործով անցնում են նաև «Հայրենիք և պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանն ու Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը: