03/12/2016 17:55
Ինձ պետք է մարդ, որ ժողովրդական լեզվով ասած՝ աչքը աջ ու ձախ չնետի. Վարչապետը՝ բիզնես ունեցող նախարարների մասին
Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) 110-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում այսօր կազմակերպվել է քննարկում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ:
Վարչապետը պատասխանելով հարցին, թե ինչպես է վերաբերում, որ կառավարության անդամներից մեկը կամ մի քանիսը բիզնեսների սեփականատեր են, ասաց, թե իրեն պետք են մարդիկ, ովքեր, ժողովրդական լեզվով ասած՝ աչքը աջ ու ձախ չեն նետի:
«Պարզ է, որ վերջ-առաջ պետական ծառայողը, և այն երկիրը, որին մենք ձգտում ենք, պետք է դա բացառի, որովհետև այնտեղ կա որոշակի շահերի բախում: Բայց այսօր շատ լավ գիտենք, որ պետական ծառայողի վարձավճարն այնպիսինն է, որ լավ մասնագետին այնտեղ հրավիրելը բավական բարդ է», - ասաց Կարեն Կարապետյանը:
Նա ասաց նաև, որ կառավարության անդամների մեջ մարդիկ կան, որոնց ինքն է հրավիրել, որոնք բիզնեսի հաջողակ կառավարիչներ են:
«Եվ ես վստահ եմ իրենց մաքրության վրա: Ես վստահ եմ, որ իրենք պետական ապարատը չեն օգտագործելու իրենց բիզնեսը լոբբինգ անելու կամ իրենց պաշտոնը օգտագործելու՝ անձնական հարստացման համար: Բայց ինձ պետք է մարդ, որ ժողովրդական լեզվով ասած՝ աչքը աջ ու ձախ չնետի: Ես կարծում եմ, որ այս պահին սա օգտագործելի քայլ է», - ընդգծեց վարչապետը: