05/12/2016 19:03
Ստոլտենբերգ. ՆԱՏՕ-ն նպատակ ունի կառուցողական հարաբերություններ հաստատել Ռուսաստանի հետ
Հյուսիսատլանտյան դաշինքը «նպատակ ունի կառուցողական հարաբերություններ հաստատել Ռուսաստանի հետ» և «ակնկալում է շարունակել Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի աշխատանքը»՝ ուսումնասիրելով հաջորդ հանդիպումն անցկացնելու հնարավորությունները, մասնավորապես, «ռազմական ռիսկերի նվազեցումը քննարկելու համար»: Ինչպես հայտնում է ТАСС-ն, այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը մամուլի ասուլիսում, որը տեղի է ունեցել դաշինքի ԱԳ նախարարների՝ դեկտեմբերի 6-7-ին կայանալիք հանդիպման նախաշեմին:
Ստոլտենբերգը նաև նշել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը հուս ունի շարունակել Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի աշխատանքը, այդ թվում՝ ռազմական ռիսկերի նվազեցման նպատակով: Ստոլտենբերգը հայտնել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքի արտաքին գործերի նախարարների՝ դեկտեմբերի 6-7-ին Բելգիայի մայրաքաղաքում կայանալիք հանդիպմանը Եվրամիությունը և ՆԱՏՕ-ն 40 կետից բաղկացած միջոցառումների փաթեթ կընդունեն հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարի և ծովում անվտանգության վերաբերյալ:
Դաշինքի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն կշարունակի գործնական և քաղաքական օգնություն ցուցաբերել Ուկրաինային: Նրա խոսքով՝ այդ հարցը ներկայացված է ՆԱՏՕ-Ուկրաինա հանձնաժողովի՝ դեկտեմբերի 7-ի նախարարական նիստին:
Ստոլտենբերգի խոսքով՝ ՆԱՏՕ-ն կպաշտպանի Սիրիայում քաղաքական կարգավորման հասնելու բոլոր ջանքերը:
«ՆԱՏՕ-ն կպաշտպանի Սիրիայում քաղաքական կարգավորման հասնելու բոլոր ջանքերը»,-նշել է նա: Գլխավոր քարտուղարը նաև ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն հավանություն է տալիս «Իսլամական պետություն» (Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում արգելված) ահաբեկչական խմբավորման դեմ միջազգային կոալիցիայի գործողություններին: