05/12/2016 13:31
Շատ հետաքրքիր «սյուրպրիզներ» կլինեն անհատների առումով. Խաչատուր Քոքոբելյանը՝ խորհրդարանական ընտրությունների մասին
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ապատեղեկատվություն որակեց մամուլում տարածված լուրերն այն մասին, որ ինքը դիմել է «Համախմբում» կուսակցությանը միանալու խնդրանքով, մինչդեռ իրեն մերժել են։
«Որևիցե մեկին ես դիմելու կարիք չունեմ։ Ընդդիմադիր դաշտում գրեթե չկա որևիցե քաղաքական ուժ, որը մեզ հետ բանակցած չլինի։ Ես շատ հարգանքով եմ վերաբերվում այս դաշտում գործող ցանկացած գործընկերոջ։ Բայց մենք դեռևս ամիսներ առաջ նշել ենք, որ մենք ընտրություններին մասնակցելու ենք, դա նորություն չէ», - ասաց նա։
Նրա խոսքով, իրենք կողմնակիցն են միավորվելու, բայց այնպիսի միավորումների, որտեղ սկզբունքային հարցերը «Ազատ դեմոկրատների» համար միշտ սկզբունքային են եղել։ Միևնույն ժամանակ Քոքոբելյանն ընդգծեց, որ այս պահի դրությամբ չի կարող նշել որևէ քաղաքական ուժի, որի հետ բանակցություններ են տարվում։
«Ես անուններ չեմ տա, որովհետև դա չեմ համարում ճիշտ։ Վստահեցնում եմ, որ առաջիկայում կլինեն հրապարակումներ։ Ինչպես ասել եմ, հիմա էլ եմ ասում՝ շատ հետաքրքիր սյուրպրիզներ կլինեն նաև անհատների առումով», - ընդգծեց նա։
Անդրադառնալով ընտրություններին «Ազատ դեմոկրատների» մասնակցությանը Խաչատուր Քոքոբելյանն ընդգծեց, որ իրենց քաղաքական օրակարգում նոր բան տեղի չի ունեցել։ Ընտրություններին կուսակցությունը կմասնակցի իր ընդլայնված և լայն կոնսոլիդացված ցուցակով։