07/12/2016 17:58
Վարչապետը խորհուրդ է տալիս չմտահոգվել վրացական գազամուղի մեկ քառորդը ձեռք բերելու Ադրբեջանի ձգտմամբ
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը հետաքրքրվեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանից, թե ինչպես է կառավարությունը վերաբերում ադրբեջանական SOCAR ընկերության պատրաստակամությանը՝ գնելու Վրաստանի «Նավթի ու գազի կորպորացիա» պետական ընկերության ակցիաների 25 տոկոսը:
Պատգամավորն ընդգծեց, որ Ադրբեջանն այսպիսով նպատակ ունի շրջափակման ենթարկել տարածաշրջանը։
«Եթե գործընթացը ստանա ամենաանցանկալի ընթացքը, ապա ինչպիսի՞ն կլինի մեր կառավարության դիրքորոշումը, եթե առաջիկա օրերին գազամուղը հանվի աճուրդի»,- հարցրեց նա։
Վարչապետը նախ ընդգծեց՝ վստահ չէ, որ այդ գործարքը շուտով կլինի, ապա հավելեց, որ տրանզիտ ապահովող խողովակի 25 տոկոսի տերը լինելով՝ ադրբեջանական կողմը դժվար թե մտահոգություն առաջացնի։
Պատգամավորը հետաքրքրվեց, թե ի՞նչ քայլեր կանի կառավարությունը, եթե Վրաստանը որոշի գազամուղն ամբողջությամբ վաճառել, ինչին ի պատասխան վարչապետն ասաց.
«Եթե նման զարգացում լինի, մենք գիտենք, թե ինչ արգումենտներ ունենք մեր հարևան երկրի հետ խոսելու։ Եթե 25 տոկոս սեփականությունը վաճառելու դեպքում մենք անհանգստություն արտահայտենք, ապա վտանգ ունենք առնվազն ոչ կոռեկտ գտնվելու, որովհետև դա իրենց սեփականությունն է և իրենք մեկ քառորդն են վաճառում, բայց եթե զարգացումներ լինեն, մենք մեր արգումենտները կներկայացնենք»։