09/12/2016 17:53
Պենտագոն. Սիրիայում և Իրաքում գործողության ընթացքում սպանվել է ԻՊ-ի 50 հազար գրոհային
«Իսլամական պետություն» (Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում արգելված) ահաբեկչական խմբավորման դեմ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի գործողության ժամանակ Սիրիայում և Իրաքում սպանվել է առնվազն 50 հազար գրոհային: Այդ մասին հայտնել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչը, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ամերիկյան գերատեսչության ներկայացուցչի խոսքով՝ 2014 թվականի աշնանը սկսված գործողության ընթացքում ԻՊ-ի զոհված ջիհադականների թիվը խոսում է կոալիցիայի և, մասնավորապես, ամերիկացի զինվորականների գործողությունների արդյունավետության մասին:
Ինչպես ընդգծել է Պենտագոնի ներկայացուցիչը, 50 հազար զոհված ծայրահեղականը Սիրիայում և Իրաքում «Իսլամական պետության» կորուստների բավական համեստ գնահատականն է:
Պենտագոնի տվյալներով՝ նոյեմբերի սկզբին ԱՄՆ-ն Սիրիայում և Իրաքում «Իսլամական պետության» ուղղությամբ հասցրել է ավելի քան 12 հազար օդային հարված: