09/12/2016 16:25
Թուրքիան չի փոխել իր ժխտողական քաղաքականությունը. Շարմազանով
ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը Ղրղզական Հանրապետություն իրականացրած այցի շրջանակներում այսօր Բիշքեկում հանդիպել է հայ համայնքի ղեկավար կազմի հետ:
Կողմերը կարևորել են հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդումը և հայ երիտասարդների շրջանում ազգային գաղափարախոսության սերմանումը:
Դիմելով հայ համայնքի ներկայացուցիչներին, Էդուարդ Շարմազանովն ասել է. «1948 թվականին այս օրը՝ դեկտեմբերի 9-ին, ընդունվել է ՄԱԿ-ի Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժման մասին կոնվենցիան, որից մեծապես տուժել է մեր ժողովուրդը. հարկ է նշել, որ տասնամյակներ անց Թուրքիան չի փոխել իր ժխտողական քաղաքականությունը: Ավելին՝ թուրքերը այս տարվա ապրիլին քաջալերում էին Ադրբեջանի ահաբեկչական և տմարդի գործողությունները Արցախի ազատատենչ ժողովրդի նկատմամբ: Թուրքիայի և Ադրբեջանի հանցագործ քաղաքականությունն արդարացում չունի և պետք է դատապարտվի: Բայց ամենամեծ կանխարգելիչ միջոցը մեր ազգային գաղափարի՝ ուժեղ Հայրենիքի կառուցումն է: Ուժեղ Արցախ և ուժեղ Սփյուռք՝ սա է մեր հզորության բանաձևը: Այսօր՝ առավել քան երբևէ, մեր միասնությունը հրամայական է»: