10/12/2016 10:29
Գագիկ Ծառուկյանի վերադարձով ԲՀԿ-ն կտանի այն ձայները, որոնք այս պահի դրությամբ դեռևս «անտեր» են. Արմեն Բադալյան
Ընտրական տեխնոլոգիաների մասնագետ Արմեն Բադալյանի կարծիքով՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանի վերադարձը քաղաքականություն իր ազդեցությունը կունենա ապագա խորհրդարանի համայնապատկերի վրա: Ծառուկյանի վերադարձի և ընդդիմության նախընտրական գործունեության մասին Aysor.am-ի թղթակիցը զրուցել է Արմեն Բադալյանի հետ։
- Պարոն Բադալյան, Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականություն վերադառնալն ի՞նչ կփոխի 2017 թվականի քաղաքական ներկապնակում: Ի՞նչ ազդեցություն այն կունենա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա:
- Ինչպես ցույց են տալիս դեպքերի զարգացումները, ամենայն հավանականությամբ, Գագիկ Ծառուկյանը կվերադառնա և դա էական փոփոխություն կունենա խորհրդարանի ապագա համայնապատկերում, որովհետև «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն այսօրվա դրությամբ հանդիսանում է Հանրապետական կուսակցության մասնաճյուղը, իսկ Գագիկ Ծառուկյանի վերադարձով նա դուրս կգա ՀՀԿ մասնաճյուղի կարգավիճակից և կդառնա ինքնուրույն քաղաքական ուժ: Ամենանայն հավանականությամբ, ԲՀԿ-ն կդառնա երկրորդ ազդեցիկ ուժը խորհրդարանում: Բնականաբար, ԲՀԿ-ն կտանի այն ձայները, որոնք այս պահի դրությամբ դեռևս «անտեր» են, և ամենայն հավանականությամբ, Գագիկ Ծառուկյանի վերադարձից հետո կգնան ԲՀԿ-ի օգտին: Դա էլ, բնականաբար, կազդի խորհրդարանի հետագա պատկերի վրա:
- Ընդդիմությունն այստեղ ինչ-որ անելիք ունի՞:
- Ըննդիմության անելիքը չպետք է կախված լինի ԲՀԿ նախկին առաջնորդի՝ քաղաքականություն վերադառնալու կամ չվերադառնալու հետ: Ընդդիմադիր ուժերը պետք է կողմնորոշվեն, թե իրենք ռուսամետ են, արևմտամետ են, թե փորձում են բանակցությունների մեջ մտնել Բաղրամյան 26-ի հետ: Իսկ եթե որևէ մեկի հետ բանակցությունների մեջ չեն մտնում, ապա պետք է խիստ հզորացնեն նախընտրական քարոզարշավները, որպեսզի կարողանան գոնե մի քանի տոկոս հաղթահարեն, մտնեն խորհրդարան, ինչն այս պահի դրությամբ քիչ հավանական է, որովհետև ընդդիմադիր ուժերի մեծ մասը չունի համապատասխան ֆինանսական, մեդիա և կազմակերպչական ռեսուրսներ:
- Ընդդիմադիր ուժերն արդեն հայտարարություններով են հանդես գալիս դաշինքներ կազմելու մասին: Ձեր գնահատմամբ՝ կկարողանա՞ն հաղթահարել համապատասխան շեմը և հայտնվել խորհրդարանում:
- Խորհրդարան մտնելու համար հարկավոր է երկու գործոն՝ առաջին, պետք է Արևմուտքի աջակցությունը, որպեսզի նրանք կարողանան խորհրդարանում հայտնվել: Երկրորդ՝ աջակցությունը պետք է արտահայտված լինի նաև կազմակերպչական, ֆինանսական բաղադրիչներով, որպեսզի կարողանան խորհրդարանում հայտնվել, քանի որ ընտրությունները բավական թանկ ֆինանսական հաճույք են, և առանց ֆինանսական լուրջ ներդրումների, դժվար թե ըննդիմադիր ուժերը կարողանան խորհրդարանում հայտնվել:
որհրդարանում հայտնվելու և հատկապես ձայները չկեղծելու համար նրանք պետք է այս պահին ունենան հզոր դաշնակից՝ կամ Ռուսաստան, կամ Եվրամիություն, որովհետև այս պահին Միացյալ Նահանգները, կարծես, հետ է քաշվում Հայաստանի ներքին գործերին խառնվելուց, թեև Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ ներկայացուցչությունը ասել են, թե իրենք ակտիվորեն հետևելու են Հայաստանում ընթացող գործընթացներին: Դաշինքները, որոնք ձևավորման գործընթացում են, կամ այն դաշինքները, որոնք կարող են ձևավորվել մինչև քարոզարշավի սկիզբը, պետք է ունենան ֆինանսական հզոր ռեսուրսներ, իսկ դա կարող է տրամադրել կամ Ռուսաստանը, կամ Եվրամիությունը:
Ապագան ցույց կտա, թե ով ավելի մրցունակ կգտնվի այս քաղաքական գործընթացում: Կարող եմ ասել, որ ընտրություններն ազատ, արդար, թափանցիկ չեն լինելու, չնայած 4+4+4 ձևաչափի հորդորներին, հավանական եմ համարում, որ Արևմուտքը Հայաստանի իշխանությունների հետ կգնա գործարքի, կապված այն բանի հետ, թե արևմտամետ դաշինքներն ինչքան տեղ կունենան խորհրդարանում: Եթե իրենց բավարարի այդ ազդեցությունը, ապա նրանք կասեն, որ ընտրությունները լեգիտիմ են, եթե չբավարարեց, կասեն, որ դրանք լեգիտիմ չեն:
Իսկ Ռուսաստանի համար դաշինք ստեղծել պետք չէ. կա Հանրապետական կուսակցությունը և կլինի ԲՀԿ-ն: Մանացած ուժերը իրենք պետք է կողմնորոշվեն, թե ինչ են անում: