12/12/2016 15:52
Հարուցվե՞լ է արդյոք կարգապահական վարույթ Արման Մկրտումյանի նկատմամբ. Փաստաբանները պատասխանի են սպասում
Փաստաբանները սպասում են ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի պատասխանին՝ արդյո՞ք հանձնաժողովի կողմից հարուցվել է կարգապահական վարույթ ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի նկատմամբ:
«Դիմումն այսօր ենք ուղարկել, սպասում ենք պատասխանին», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Տիգրան Աթանեսյանը:
Նա նշեց, որ մինչ այս պահը պաշտոնապես այդ հարցով դեռ ոչ մի տեղ չեն դիմել:
«Դիմել ենք հանձնաժողով, որովհետև, որպես փաստաբան, պարտավորված ենք հետևողական լինել այս թեմային», - նշեց նա:
Եթե պարզվի, որ մինչև այսօր կարգապահական վարույթ չի հարուցվել, ո՞րն է լինելու փաստաբանների հաջորդ քայլը, Տիգրան Աթանեսյանը պատասխանեց. «Պատասխանը կստանանք՝ կորոշենք: Կուղարկենք Մարդու իրավունքների եվրոպական դատարան»:
Նշենք, որ այսօր փաստաբանները դիմել են ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովին պարզելու՝ արդյոք հանձնաժողովի կողմից հարուցվել է կարգապահական վարույթ ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի նկատմամբ:
«Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից սույն թվականի հոկտեմբերի 27-ին թիվ 8001/07 Վարդանյանն ու Նանուշյանն ընդդեմ Հայաստանի գործով կայացրած վճռում արձանագրվել է, որ Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահ Ա. Մկրտումյանի (վճռի տեքստում նշված է որպես judge M.) կողմից թույլ է տրվել Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի խախտում:
Համաձայն ՀՀ դատական օրենսգրքի 153 և 155 հոդվածների, ՄԻԵԴ նշված վճիռը հիմք է դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու համար, իսկ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու իրավունքը վերապահված է բացառապես Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովին:
Այդ կապակցությամբ խնդրում ենք հայտնել, թե արդյոք հանձնաժողովի կողմից հարուցվել է կարգապահական վարույթ Ա.Մկրտումյանի նկատմամբ, թե՝ ոչ», - ասված է փաստաբանների հայտարարության մեջ: