12/12/2016 15:18
Ամենուրեք փնտրիր բարին ու երբ հայտնաբերես, հանիր լույս աշխարհ իր թաքստոցից. Գրական զրույց` Տարոն Մարգարյանի հետ
Հասարակության, մասնավորապես, երիտասարդության շրջանում գիրք կարդալու ցանկությունը խթանելու նպատակով Aysor.am-ը շարունակում է ընթերցանությանը նվիրված շարքը: Ճանաչված քաղաքական գործիչները պատմում են սիրված գրքերի, գրական հերոսների մասին:
Շարքի շրջանակում այս անգամ Aysor.am-ի զրուցակիցն է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
- Պարոն քաղաքապետ, ո՞րն է Ձեր ամենասիրած գիրքը:
- Դժվար է մեկ գիրք առանձնացնել. ամեն տարիք իր գիրքն է ավելացնում ցանկում:
- Կա՞ այդպիսի գիրք կամ հերոս, որ կարողացել է փոխել Ձեր ներաշխարհը:
- Ինձ շատ է տպավորել Կոստան Զարյանի «Նավը լեռան վրա» վեպի գլխավոր հերոսը՝ Արա Հերյանը, որը, լինելով նավապետ, Բաթումից նավ է գնում և փորձում է բերել-հասցնել Հայաստան Սևանա լճում նավարկելու համար: Թվում է՝ մարդը անիրականանալի, անգամ միամիտ երազանք ունի, բայց կամքի հզոր ուժ ունենալու և հետևողականության շնորհիվ ամենաանիրական թվացող ցանկություններն անգամ հնարավոր են դառնում:
Կարծում եմ՝ ամենագլխավոր դասը, որ պետք է քաղենք այս վեպից, դա մեր ձեռքերով մեր տունը կառուցելն է՝ առանց նահանջելու ու առանց մեր գործն ուրիշներին թողնելու:
- Դրակա՞ն, թե՞ բացասական հերոսներն են ըստ Ձեզ հետաքրքիր:
- Որպես ընթերցող՝ ես միշտ դրական հերոսներին եմ համակրում:
- Ո՞րն է Ձեր կարդացած վերջին գիրքը:
- Վերջին շրջանում կարդացածս գրքերը հիմնականում վերաբերում են աշխատանքիս: Կարդացածս ամենավերջին աշխատությունն է՝ «Լոկալ ինքնությունները Երևանում»:
- Ինչի՞ մասին է այդ գիրքը:
- Այն մասին, թե ինչպես է քաղաքը, որպես հանրային տարածք, ձևավորում մարդուն և քաղաքացուն: Երևանի մասին հետաքրքիր օրինակներ կան աշխատությունում:
- Տպագի՞ր, թե՞ էլեկտրոնային գրքեր եք նախընտրում:
- Չեմ ուզում շատ հնաոճ երևալ, բայց իմ կարծիքով՝ գիրքը պետք է տպագիր լինի:
- Ըստ Ձեզ, ինչու՞ են հիմա քիչ կարդում: Արդյոք գիրքը կորցնում է իր արժեքը:
- Ես հակառակ կարծիքին եմ: Կարծում եմ, որ գոնե երիտասարդությունը հիմա շատ է կարդում, և, փառք Աստծո, հիմա ունենք տեղական հրատարակչություններ, որոնք շատ ակտիվ են ժամանակակից հետաքրքիր գրականություն տպագրելու հարցում: Նաև բավականին հետաքրքիր նախաձեռնություններ են իրականացվում այս ոլորտում. գրքերի բանկ, էլեկտրոնային գրքերի բազա, գիրք նվիրելու նախաձեռնություններ, գրքի տոնավաճառներ և այլն:
Երևանի քաղաքապետարանի տարեկան ծրագրերի շրջանակում մենք ուշադրություն ենք դարձնում մեզ ենթակա գրադարանների ինչպես վերանորոգման, այնպես էլ՝ գրքային ֆոնդի համալրման ծրագրերին: Միայն 2016թ. ընթացքում մայրաքաղաքի 19 գրադարանի գրքային ֆոնդը հարստացվել է 15000 գրքով: Ընթերցողների թիվն էլ կազմել է 69408 մարդ:
Այցելուները և գրքերի փոխառնությունները բավականին բարձր են այս գրադարաններում: Կարծում եմ՝ սա արդեն խոսուն տվյալ է հարցի մասով:
- Ի՞նչ մեջբերում կհիշեք, որ առավել տպավորվել է:
- «Ամենուրեք փնտրիր բարին ու երբ հայտնաբերես, հանիր լույս աշխարհ իր թաքստոցից, թող բարությունը լինի անկաշկանդ և չամաչի ինքն իրենից: Ամեն ինչի մեջ գտիր լուսավորը, այն, ինչը չի արատավորվել»:
Վիլյամ Սարոյանի խոսքերն են, ու ինձ համար շատ հոգեհարազատ են:
- Ի՞նչ գիրք խորհուրդ կտայիք հայ երիտասարդությանը:
- Ոչ թե ինչ-որ կոնկրետ գիրք խորհուրդ կտայի, այլ կոչ կանեի՝ հատկապես երիտասարդ տարիքն ու դեռևս առկա ազատ ժամանակն օգտագործել շատ կարդալու համար. ավելի մեծ տարիքում հասկանում ես, որ այն ժամանակը, որը կորցրել ես, էլ չես ունենալու: