11/01/2017 10:43
Ադրբեջանը ապրիլին տապալվեց, այժմ գնում է բլեֆի ճանապարհով. քաղաքագետ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ամփոփելով անցնող 2016 թվականը, հայտարարել է, թե ապրիլին իր երկիրը հաղթանակ է տարել, ինչը ցույց է տալիս, որ իր երկիրը երբեք չի համակերպվի տարածքային կորուստների հետ:
Aysor.am-ի հետ զրույցում քաղաքագետ Տիգրան Աբրահամյանը, մեկնաբանելով այս հայտարարությունը, նշեց, որ մարտական գործողությունների, տարատեսակ սադրանքների միջոցով Ադրբեջանի իշխանությունը ընդամենը փորձում է ցույց տալ, որ Արցախի անկախության հանգամանքն իրեն հանգիստ չի տալիս ու ինքն այդ փաստի հետ չի համակերպվում:
«Այսպիսի հայտարարությունները ինքնասփոփանք են, հանրությանը հանգստացնելու համար, իսկ իրականում՝ ծուղակ ադրբեջանական հասարակության համար», - նշեց Տ. Աբրահամյանը:
Հարցին, թե նույն հայտարարության մեջ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե Ադրբեջանը ցանկացած պահին պատրաստ է ռազմական ճանապարհով լուծելու Ղարաբաղի հարցը, քաղաքագետը նշեց. «Ադրբեջանի նախագահի մատնանշած ապրիլյան մարտական գործողություններն ապացուցեցին հակառակը՝ Ադրբեջանը տապալվեց՝ չլուծելով իր գլխավոր խնդիրը, այն է՝ կայծակնային պատերազմի միջոցով հասնել իր համար ցանկալի լուծման: Անհասկանալի է այն վստահությունը, որն իր բառապաշարում թույլ է տալիս այդ երկրի նախագահը»:
Մեկնաբանելով Ադրբեջանի նախագահի այն հայտարարությունը, թե իշխանությունները քայլեր են ձեռնարկում Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում բնակեցման գործընթացին՝ Տ. Աբրահամյանը նշեց. «Նախ, Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող այդ տարածքը բնակավայր չէ, երկրորդ, դրա հարակից գրեթե ողջ տարածքը հայկական զինված ուժերի վերահսկողության տակ է: Ով աշխարհագրորեն պատկերացնում է տեղանքը, միայն ժպիտով կվերաբերվի այդ հայտարարությանը: Ադրբեջանի նախագահի հայտարարությունների միակ ինտրիգը նրանում է, թե ո՞վ է քարոզչական զավեշտի զոհը և ժամանակային առումով ի՞նչ կյանք կունենա Ադրբեջանի իշխանությունների հերթական քաղաքական բլեֆը»: