13/01/2017 13:42
ԱՄՆ-ն դադարեցնում է Կուբայի քաղաքացիներին կեցության իրավունք տալ
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման որոշել է կեցության իրավունքի տրամադրումը դադարեցնել Կուբայի այն քաղաքացիների համար, որոնք առանց վիզայի են հայտնվել Միացյալ Նահանգների տարածքում: Կուբացի ներգաղթյալների համար նոր սահմանափակումներն ուժի մեջ են մտնում անմիջապես, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Մինչ այս Կուբայի քաղաքացիները ԱՄՆ-ում կեցության իրավունք էին ստանում, այսպես կոչված, «թաց ոտքեր-չոր ոտքեր» սկզբունքով: Դա նշանակում էր, որ յուրաքանչյուր կուբացի, մտնելով ԱՄՆ, օրինականացման իրավունք էր ստանում, իսկ ծովում բռնվածները հայրենիք էին վերադարձվում: Այս կանոնները սահմանվել էին 1995 թվականին՝ այդ ժամանակվա նախագահ Բիլ Քլինթոնի կողմից:
Նախկին քաղաքականության չեղարկումը Վաշինգթոնի և Հավանայի երկարատև բանակցությունների արդյունքն է: Կուբայի կառավարությունն արդեն ողջունել է Սպիտակ տան որոշումը՝ այն «երկկողմ հարաբերություններում կարևոր առաջընթաց քայլ» անվանելով: