20/01/2017 17:42
Թրամփը կատակել է. Անձրևը կապացուցի, որ ես կեղծամ չեմ կրում
ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ վշտացած չէ իր երդմնակալության արարողության ժամանակ սպասվող անձրևի կապակցությամբ, քանի որ այն կօգնի ապացուցելու բոլորին, որ ինքը կեղծամ չի կրում, հայտնում է РИА Новости-ն:
«Անձրև կարող է լինել, կարող է չլինել, դա կարևոր չէ: Ինձ համար միևնույն է»,-ասել է Թրամփը Վաշինգտոնում կայացած ընդունելության ժամանակ, որը հեռարձակել է CNN հեռուստաալիքը:
«Եթե, այնուամենայնիվ, անձրև սկսվի, դա լավ է, որովհետև մարդիկ կհասկանան, որ սրանք իմ իսկական մազերն են: Իհարկե, մազերս կխառնվեն, բայց նրանք կտեսնեն, որ դրանք իմ իսկական մազերն են»,-կատակել է նորընտիր նախագահը:
Դոնալդ Թրամփի սանրվածքն արդեն երկար ժամանակ քննարկման առարկա է սոցիալական ցանցերում: Բազմաթիվ օգտատերեր կարծում են, որ Թրամփը կեղծամ է կրում: Թրամփը երդում կտա և ԱՄՆ-ի 45-րդ նախագահը կդառնա հունվարի 20-ին Վաշինգտոնում բաց երկնքի տակ Կապիտոլիումի մոտ կայանալիք արարողությանը: