20/01/2017 16:28
Վանաձորում բացվել է Յանդեքս ընկերության ծրագրավորման դպրոց
Հունվարի 20-ին Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում տեղի է ունեցել Յանդեքս ընկերության Ծրագրավորման դպրոցի պաշտոնական բացումը, որին ներկա էին ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, Յանդեքս.Տաքսի ընկերության գլխավոր տնօրեն Տիգրան Խուդավերդյանը, Յանդեքսի Ակադեմիական ծրագրերի կառավարման ղեկավար Սերգեյ Չերնիշովը, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը, ինչպես նաև տեխնոլոգիական և գործարար համայնքի ներկայացուցիչներ, Ծրագրավորման դպրոցի աշակերտներ և ուսուցիչներ:
Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում գտնվող Ծրագրավորման դպրոցը Յանդեքս ընկերության և «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի համատեղ նախագիծն է` 9-11-րդ դասարանների աշակերտների համար, որոնք ցանկանում են ձեռք բերել ծրագրավորման հմտություններ: Ծրագրի նպատակն է ծանոթացնել աշակերտներին ծրագրավորմանը, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում աշխատանքի հեռանկարներ ստեղծել նրանց համար և նպաստել ՏՏ ոլորտի զարգացմանը Լոռու մարզում:
«Անցած տարի Հայաստան ժամանեց Յանդեքս.Տաքսին, Յանդեքս.Քարտեզների վրա հայտնվեցին տվյալներ խցանումների մասին և Երևան քաղաքի մանրամասն համայնապատկերները, վարորդները սկսեցին օգտագործել Յանդեքս.Նավիգատորը, իսկ Յանդեքս.Փողերը, հայ գործընկերների հետ համատեղ, սկսեցին կատարել դրամական փոխանցումներ: Սակայն Յանդեքսը միայն ծառայությունների համակարգ չէ: Այն իրականացնում է նաև կրթական ծրագրեր: Հայաստանում բավականին բարձր է գիտական կադրերի մակարդակը, և մենք համոզված ենք, որ այստեղ կան շատ տաղանդավոր երեխաներ, որոնց կարելի է օգնել բացահայտել իրենց ներուժը: Մայրաքաղաքում ուսման շատ հնարավորություններ կան, այդ իսկ պատճառով ծրագրավորման դպրոցները կբացվեն առաջին հերթին շրջաններում, որտեղ դրանք առավել օգտակար և արդյունավետ կլինեն»,- բացմանը նշել է Յանդեքս.Տաքսի ընկերության գլխավոր տնօրեն Տիգրան Խուդավերդյանը:
Դասերը Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում կմեկնարկեն հունվարի 21-ից և կանցկացվեն շաբաթը երկու անգամ: Դասընթացի տևողությունը մեկ տարի է: Այդ ընթացքում երեխաները կհասցնեն յուրացնել «Python» ծրագրավորման լեզվի հիմունքները և փորձել իրենց ուժերը փոքր նախագծերում: Ուսուցման ընթացքում կիրականացվի սովորողների առաջադիմության մշտական մոնիթորինգ և առաջադիմության գնահատում: Դասընթացը բարեհաջող ավարտած աշակերտները կստանան Հայաստանում Յանդեքս ընկերության Ծրագրավորման դպրոցի ավարտական վկայական:
Ծրագրավորման դպրոցում ուսումն անվճար է: Ուսուցման ծրագրին մասնակցելու հայտ են ներկայացրել 147 դպրոցականներ, որոնցից ընտրվել է 28 հոգի: Նրանցկդասավանդեն տեղի մասնագետները, որոնք Յանդեքսի Տվյալների վերլուծության դպրոցում անցել են ընտրության և ուսուցման երկու փուլ:
Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում գտնվող Ծրագրավորման դպրոցը Հայաստանում Յանդեքսի առաջին նմանատիպ նախագիծն է: Ռուսաստանում ընկերությունը համագործակցում է դպրոցների և բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ, ինչպես նաև լրացուցիչ կրթության շրջանակներում զարգացնում է տարբեր կրթական ծրագրեր: