23/01/2017 13:03
Աստանայում մեկնարկել են Սիրիայի թեմայով բանակցություններ
Ղազախստանի մայրաքաղաքում երկուշաբթի մեկնարկել են Սիրիայի հակամարտության կարգավորմանը նվիրված բանակցությունները: Հանդիպումն ընթանում է Rixos հյուրանոցում, փոխանցում է ТАСС-ը:
Գլխավոր հարցերը, որոնք պետք է լուծեն պատվիրակությունները, նախևառաջ Սիրիայի կառավարության և զինված ընդդիմության պատվիրակությունները, հրադադարի ռեժիմի ամրապնդումն է և քաղաքական բանակցային գործընթացի ծավալումը՝ փետրվարի 8-ին Ժնևում կոնսուլտացիաներ կազմակերպելու համար: Կողմերն աշխատում են նաև ամփոփիչ փաստաթղթի ընդունման վրա, սակայն դրա հեռանկարներն առայժմ պարզ չեն:
Ընդամենը բանակցություններին մասնակցում է յոթ պատվիրակություն՝ Սիրիայի կառավարության և ընդդիմության, զինադադարի վերաբերյալ դեկտեմբերի 29-ի համաձայնագրի երաշխավոր երկրների (Ռուսաստան, Թուրքիա, Իրան) պատվիրակությունները, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի Սիրիայի խնդրով հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրայի անձնախումբը և Ղազախստանում ԱՄՆ-ի դեսպան Ջորջ Քրոլը՝ դիտորդի կարգավիճակով:
Ռուսաստանի պատվիրակությունը գլխավորում է ՌԴ նախագահի սիրիական կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտևը, Իրանինը՝ արտաքին գործերի փոխնախարար Հոսեյն Ջաբերի Անսարին, Թուրքիայինը՝ երկրի ԱԳ նախարարության Մերձավոր Արեւելքի և Աֆրիկայի գործերով խորհրդականի տեղակալ Սեդաթ Օնարը: Որպես Սիրիայի կառավարության պատվիրակության ղեկավար հանդես է գալիս ՄԱԿ-ին առընթեր Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար Ջաֆարին: Ընդդիմությունը ներկայացված է զինված խմբավորումներով, որոնք գործում են նախեւառաջ երկրի հյուսիսում եւ կենտրոնական մասում, մասամբ՝ հարավում: Գլխավոր բանակցորդներից մեկը «Ջեյշ ալ Իսլամ»-ի ներկայացուցիչ Մուհամեդ Ալյուշն է:
Նախատեսվում է, որ բանակցությունները կավարտվեն հունվարի 24-ին, պլանավորված է ամփոփիչ մամուլի ասուլիս: Աստանայի հանդիպման կազմակերպիչները և դրա մասնակիցները չեն բացառում, որ անհրաժեշտության դեպքում աշխատանքը կարող է երկարացվել: