24/01/2017 16:00
ԱՄՆ-ն չի բացառում Ռուսաստանի հետ համատեղ գործողությունները Սիրիայում
ԱՄՆ-ը չի բացառում Ռուսաստանի հետ համատեղ գործողությունների անցկացումը Սիրիայում՝ ուղղված, մասնավորապես, «Իսլամական պետության» (Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում արգելված) դեմ: Ինչպես հայտնում է ТАСС-ն, այս մասին լրագրողներին հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչ Շոն Սփայսերը:
«Եթե կա ուղի, որը մեզ թույլ է տալիս ԻՊ-ի դեմ պայքարել ցանկացած պետության հետ, լինի դա Ռուսաստանը կամ որևիցե այլ պետություն, և մենք ունենք ընդհանուր ազգային շահ, անշուշտ, մենք դրանից կօգտվենք», - ընդգծել է Սփայսերը՝ պատասխանելով Սիրիայում ռուս-ամերիկյան համատեղ գործողությունների հնարավորության վերաբերյալ հարցին:
Ավելի վաղ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է երկխոսություն վարել Ռուսաստանի նախագահ Վլադիմր Պուտինի հետ: Նրա խոսքով՝ երկու երկրները կարող են, օրինակ, միասին պայքարել «Իսլամական պետության» դեմ: