17/02/2017 13:41
Եվրախորհրդարանը քվեարկել է ընդհանուր եվրոպական բանակի ստեղծման օգտին
Եվրախորհրդարանը հավանություն է տվել Եվրամիության կենտրոնացման ուժեղացման, ԵՄ-ի ֆինանսների նախարարի պաշտոնի և եվրոպական ընդհանուր բանակի ստեղծման բանաձևին, հայտնում է «Интерфакс»-ը:
Փաստաթղթին, որն առաջարկել է Բելգիայի նախկին վարչապետը և Brexit-ի շուրջը բանակցությունների պատասխանատու Գի Վերհոֆստադտը, «կողմ» է քվեարկել 283 եվրապատգամավոր՝ 269-ը եղել է դեմ և 83-ը ձեռնպահ է մնացել: Եվրախորհրդարանի հավանությունը կարող է նշանակել ԵՄ-ի հիմնարար պայմանագրի բարեփոխման սկիզբ, նշել է հեռուստաալիքը:
«Ըստ Էության, Վերհոֆստադտն առաջարկում է կոլեկտիվ որոշումների կատարումից հրաժարվելու Եվրամիության անդամ երկրների իրավունքի սահմանափակում կամ նույնիսկ լիակատար վերացում»,- ասված է հաղորդագրության մեջ:
Գի Վերհոֆստադտը Եվրախորհրդարանում գլխավորում է լիբերալ դաշինքը և համարվում է եվրոպացի ֆեդերալիստների առաջնորդը, որոնք հանդես են գալիս միության ընդլայնման և ամրապնդման օգտին: