17/02/2017 15:56
Թուրքիան հերքել է Գերմանիայում աշխատող իր իմամների դեմ լրտեսության մեջ մեղադրանքները
Գերմանիայում աշխատող թուրք հոգևոր սպասավորները չեն զբաղվում անօրինական գործունեությամբ: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի կրոնական հարցերով վարչության ղեկավար Մեհմեդ Գյորմեզը, հայտնում է РИА Новости-ն:
Ավելի վաղ գերմանական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Գերմանիայի քրեական ոստիկանության աշխատակիցները խուզարկումներ են իրականացրել Գերմանիայի տարածքում գործող DİTİB թուրքական իսլամական միության չորս իսլամիստ հոգևորականների տներում: Նրանց կասկածում են լրտեսության մեջ:
Ոստիկանությունը կասկածներ ունի, որ միության իմամները և կրոնական հարցերով կցորդները լրտեսել են համայնքի անդամներին և գերմանացի ուսուցիչներին Անկարային ընդդիմադիր իսլամիստ քարոզիչ Ֆեթհուլլահ Գյուլենի ենթադրյալ հետևորդների մասին հայտնելու համար: Գյուլենին Անկարան մեղադրում է անցած տարվա հուլիսին հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ:
«Մեր կրոնական սպասավորները չեն զբաղվում անօրինական գործունեությամբ», - ասել է Գյորմեզը: Ինչպես նշվում է նրա հայտարարության մեջ, փոխադարձ վստահության պահպանման նպատակով 6 հոգևոր սպասավոր, ում կասկածում էին լիազորությունները չարաշահելու մեջ, վերադարձվել են Թուրքիա՝ չնայած նրան, որ վերջիններս «չեն զբաղվել որևէ հետախուզությամբ կամ լրտեսությամբ»: