18/02/2017 16:40
Կալիֆոռնիայում եղանակային անբարենպաստ պայմանների հետևանքով առնվազն մեկ մարդ է մահացել
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում առնվազն մեկ մարդ է մահացել եղանակային անբարենպաստ պայմանների հետևանքով, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով AP-ին:
Կալիֆոռնիայի հարավային և կենտրոնական մասերին քամիներով և հորդառատ անձրևներով ուղեկցվող ուժեղ փոթորիկ է պատուհասել: Սաստիկ քամիների հետևանքով Լոս Անջելեսի միջազգային օդանավակայանում չեղարկվել է մոտ 3 հարյուր չվերթ: Անձրևի պատճառով հեղեղվել են բնակելի թաղամասեր, սողանքների սպառնալիքի պատճառով իրականացվում է բնակչության մասնակի տարհանում:
Նշվում է, որ ուժեղ քամիների պատճառով ընկնող ծառերը վնասում են էլեկտրական լարերը: Հայտնի է, որ Լոս Անջելեսում հոսանքահարումից 55-ամյա տղամարդ է մահացել:
ԱՄՆ-ի Ազգային օդերևութաբանական ծառայության հաղորդմամբ` հնարավոր հեղեղումների զգուշացումներն ուժի մեջ կմնան մինչև փետրվարի 18-ի տեղական ժամանակով ժամը 16:00-ն: