22/02/2017 15:08
Տոկոսներ և պայմանավորվածություններ պետք է ակնկալել միմիայն ՀՀ քաղաքացուց. «Ազատ դեմոկրատներ»-ն արձագանքում է Սամվել Բաբայանի և Սեյրան Օհանյանի հայտարարություններին
«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը չի ցանկանում մեկնաբանել պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ԼՂՀ ՊԲ նախկին ղեկավար Սամվել Բաբայանի հայտարարությունները, թե ընդդիմադիր դաշտում միակ չկառավարվող ուժը «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» (ՕՐՕ) դաշինքն է։
«Մեր մրցակիցներից որևէ մեկի խոսքերը մեկնաբանելու կարիք մենք չունենք։ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունն առաջնորդվում է այն սկզբունքով, որ ամբողջ քաղաքական գործընթացի ընթացքում մենք մեր ընտրողին ենք ներկայացնելու մեր ծրագրերը։ Թե մյուսներն ինչպես կմեկնաբանեն ամբողջ գործընթացը, մեկը մյուսի նկատմամբ ինչ մեկնաբանություն կանի, մեզ դա այդքան էլ հետաքրքիր չէ», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անժելա Խաչատրյանը։
Ինչ վերաբերում է Սամվել Բաբայանի հայտարարությանը, թե բոլոր քաղաքական ուժերն արդեն տոկոս են պայմանավորվել, մեկին հինգ տոկոս, մյուսին յոթ տոկոս, Անժելա Խաչատրյանն արձագանքեց. «Տոկոսներ և պայմանավորվածություններ պետք է ակնկալել և սպասել միմիայն ՀՀ քաղաքացուց։ Որևէ այլ տեղից մենք նման ակնկալիք չունենք և այդպես չենք գործելու։ Դա իրենց կարծիքն է, և դա հաստատված ճշմարտություն ու աքսիոմա չէ»։