22/02/2017 19:00
Դատարանը մերժեց Արայիկ Խանդոյանի պաշտպանների՝ տեսակցությունների արգելքի վերացման բողոքը
Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր մերժեց «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Արայիկ Խանդոյանի պաշտպաններ Արա Ղարագյոզյանի և Արայիկ Պապիկյանի՝ տեսակցությունների արգելքի վերացման բողոքի քննությունը:
Դատարանի որոշումից հետո Արայիկ Խանդոյանը կոչ արեց իր հարազատներին չմտահոգվել իր առողջության համար՝ ընդգծելով, որ ինքը միշտ մաքրել է և շարունակելու է մաքրել հասարակությունում առկա կեղտը:
Արայիկ Խանդոյանին մեղադրանքներ են առաջադրվել 235-րդ հոդվածի 3-րդ մասով (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը կազմակերպված խմբի կողմից), 238-րդ հոդվածի 4-րդ, 1-ին և 2-րդ կետերով (զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր հափշտակելը կամ շորթելը կազմակերպված խմբի կողմից և կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով), ՀՀ քրեական օրենսգրքի 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը) և 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը)։