22/02/2017 14:39
Սեյրան Օհանյան. Մենք միակ ուժն ենք, որը որ գտնվում է վերահսկողությունից դուրս
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը մտավախություն չունի, որ իր դեմ քրեական գործ կհարուցվի։
«Ես, ընդհանուր առմամբ, ոչ մի մտավախություն չունեմ ոչ մի բանից, որովհետև գտնում եմ, որ ես իմ ծառայությունը իմ երկրին, իմ հայրենիքին տարել եմ արդար», - «Ազատության» հետ հեռախոսազրույցում ասաց նա։
Պաշտպանության նախկին նախարարը շեշտեց՝ եթե ինչ-որ խնդիրներ լինեին, ապա այդ խնդիրները ժամանակին կբարձրաձայնվեին։
«Ես ոչ մի բանից, ոչ մի երևույթից և այլն չեմ վախենում և գտնում եմ, որ դա շահարկումներ են», - նշեց նա։
Սեյրան Օհանյանն ընդգծեց, որ այսօր լրատվական դաշտը լցված է տարբեր մեկնաբանություններով, որի հիմնական թիրախն ինքն է հանդիսանում։
Հարցին, թե ինչու են իրեն թիրախավորել, Ս. Օհանյանը պատասխանեց. «Որովհետև կարծում եմ, որ մենք միակ ուժն ենք, որը որ գտնվում է վերահսկողությունից դուրս, գործում է ինքնուրույն, գործում է բացառապես գաղափարներից ելնելով և գործում է ի շահ մեր ժողովրդի»։
Ավելի վաղ «Առաջին լրատվականի» հետ զրույցում ԼՂՀ նախկին պաշտպանության նախարար Սամվել Բաբայանը, անդրադառնալով Սեյրան Օհանյանի հնարավոր ձերբակալության թեմային, նշել է. «Նախ, ես չեմ հավատում, որ Սեյրան Օհանյանի դեմ գործ կհարուցվի, քանի որ դրա համար հիմքեր չկան։ Բայց եթե գործ էլ հարուցեն, ձերբակալեն էլ, դրանից բան չի փոխվի։ Ես այդպես եմ ենթադրում։ Ավելի վատ վիճակ կլինի, քան կա։ Խնդիրն այն է, որ միակ ընդդիմադիր դաշտում գործող ուժը սա է, որը իրենց հսկողության տակ չի։ Մարդիկ ջղայնանում են։ Խնդիրը սա է։ Իրենք այնքան պարզ են ներկայանում, որ էլ հարց չի մնում։ Բոլոր քաղաքական ուժերն արդեն տոկոս են պայմանավորվել։ Մեկին հինգ տոկոս, մյուսին յոթ տոկոս»։