24/02/2017 15:25
Բացի այն, որ քաղաքական ուժերը նորմալ քարոզչություն չեն անում, նորմալ քննադատություն էլ չեն կարողանում անել. Արմեն Բադալյան
Արդեն տեսանելի է դառնում, որ երկու ուժ, ամենայն հավանականությամբ, կլինեն խորհրդարանում. դրանք ՀՀԿ-ն ու «Ծառուկյան» դաշինքն են, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ընտրական տեխնոլոգիաների մասնագետ Արմեն Բադալյանը։
«Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը չի լինելու, իսկ մնացած ուժերի՝ խորհրդարանում լինել-չլինելը 50-50% է։ Եթե դրանք լինեն էլ, ապա որոշակի ներկայություն կարող են ունենալ խորհրդարանում, ոչ զգալի», - ասաց Արմեն Բադալյանը։
Ընտրական տեխնոլոգիաների մասնագետի համար, այս պահի դրությամբ տեսանելի չէ, թե որ քաղաքական ուժը դեպի ուր է տանում ընտրողին։
«Դա հենց ընտրական գործընթացի ամենաթույլ կողմն է, որն արդեն տեսանելի է ոչ միայն մասնագետին, այլ գրեթե բոլորին։ Ընտրական գործընթացին մասնակցող ուժերի բովանդակությունը տեսանելի չէ, ինչն էլ ծնում է այլ խնդիրներ, մասնավորապես՝ ընտրակաշառքի դերի բարձրացման հարցն է առաջանում, ինչպես նաև՝ անտարբերությունը», - ասաց նա։
Մասնագետի բնորոշմամբ, եթե հիմա որևէ մեկը գա Հայաստան, Երևանի փողոցներով քայլելիս բացարձակ չի զգա, որ երկրում ընդամենը մեկուկես ամսից ընտրություններ են լինելու։
«Այնպիսի տպավորություն կա, որ քաղաքական ուժերը բոլորն ինչ-որ տոկոսների մասին պայմանավորվել են, և հիմա էլ սպասում են, որ ամեն ինչ հանգիստ անցնի և ապրիլի 3-ին գնան իրենց տոկոսները վերցնելու։ Այդ իսկ պատճառով էլ նրանք իրենց չեն չարչարում, որ իրենց տեսլականը ներկայացնեն, որպեսզի դուք և այլ մարդիկ տեսնեն, թե ինչ են առաջարկում այդ ուժերը և ուր են տանելու իրենց։ Ա՛յ դա քաղաքական ուժերի ամենաթույլ կողմն է», - նշեց նա։
Այս ամենն, ըստ Ա. Բադալյանի, երկու հանգամանքով է բացատրվում. կամ ինչ-որ պայմանավորվածություններ արդեն կան, կամ էլ եթե չկան պայմանավորվածություններ, ապա դա բացատրվում է քաղաքական ուժերի անգրագիտությամբ, ինչն էլ ձեռք է տալիս իշխող ուժին։
Բացի այն, որ նորմալ քարոզչություն չեն իրականացնում քաղաքական ուժերը, Արմեն Բադալյանի խոսքով, նորմալ քննադատություն էլ չեն իրականացնում։
«Քննադատելիս էլ պետք է իմանաս՝ ինչպես քննադատես, ինչ մեթոդներ կիրառես, որ օգուտ տա։ Վերացական քնադատությունն ընտրական գործընթացի ժամանակ որևէ օգտակար գործողության գործակից չունի», - նշեց նա: