24/02/2017 13:18
ՌԴ քաղաքացիները համարվում են ամենածախսող զբոսաշրջիկները. Վլադիմիր Գևորգյան
ՌԴ զբոսաշրջիկը ամենածախսողն է, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «ԼՈՌԵ» զբոսաշրջային կազմակերպությունների խմբի հիմնադիր Վլադիմիր Գևորգյանը:
«Ընդհանրապես մի այսպիսի հետաքրքիր փաստ կա՝ ռուսը շատ ցանկալի զբոսաշրջիկ է ցանկացած երկրում, քանի որ ինքը ծախսող զբոսաշրջիկն է: Մի հոգեբանություն կա՝ ռուսները, ինչքան գումար նախատեսում են, մինչև վերջին դրամը թողնում են տյալ երկրում և հեռանում: Եղել են դեպքեր, երբ Կոնյակի գործարանում մինչ 1000-2000 ԱՄՆ դոլարի սահմաններում գնումներ են կատարել և վերջում ունեցել բեռի խնդիր, որը իրենք հումորով են պատմում», - ասած Վ. Գևորգյանը:
Իսկ ՀՀ Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանի խոսքով՝ այն, որ փետրվարի 23-ից ՌԴ քաղաքացիները կարող են այցելել Հայաստան ներքին անձնագրերով, կարող է Հայաստան բերել մոտ 4 մլն զբոսաշրջիկ:
«Մենք կատարել ենք վիճակագրություն, ըստ որի, ՌԴ քաղաքացիների ընդամենը 10% ունի արտասահմանյան անձնագիր, և կան այնպիսի կառույցներ, որոնց աշխատողներին արգելված է արտասահման ճամփորդելը, դրանք 4 միլիոնից ավել են: Մեզ համար հսկայական հնարավորություն է ստեղծում ՌԴ-ից ներքին անձնագրերով ճանապարհորդելը՝ Հայաստանը հատկապես գրավիչ դարձնելու համար», - նշեց ՀՀ Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահը: