03/03/2017 15:20
Եթե մենք վստահ չլինեինք մատակարարվող վառելիքի որակի վրա, իհարկե, տեխնիկան չէինք աշխատացնի. Վիգեն Սարգսյան
Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, պատասխանելով լրագրողների հարցին, անդրադարձել է Ազգային ժողովում Կարեն Կարապետյանի` վառելիքի վերաբերյալ արած հայտարարությանը:
«Եթե մենք վստահ չլինեինք մատակարարվող վառելիքի որակի վրա, իհարկե, տեխնիկան չէինք աշխատացնի», - հայտարարեց Վիգեն Սարգսյանը:
Նա ասաց, որ կարևորում է վարչապետի մոտեցումները, թե պետք է վերահսկողություն իրականացնել մատակարարվող վառելիքի որակի վրա:
«Վարչապետի հայտարարությունը շատ ակտուալ և արդիական էր ու վերաբերում էր մեր պետական վերահսկողությանը մասնավոր մատակարարումների նկատմամբ: Եվ, որպես պաշտպանության նախարար, ես շատ կարևորում եմ այդ մոտեցումը: Որովհետև իրականում, ինչպես հասկանալի է, Պաշտպանության բանակն իր ձեռք բերած վառելիքի նկատմամբ իրականացնելով վերահսկողություն` միշտ հույս է դնում այն մասնավոր պաշարների վրա, որը թե’ որպես պետական պահուստ, տրված ի պահ մասնավոր մատակարարին, թե’ ծառայողական իրավիճակներում, կարող է պետք լինել օգտագործման համար», - ասաց նախարարը: