09/03/2017 14:39
Gallup-ի հրապարակումն իշխանությունների հատուկ ձեռագիր է՝ ուղղված ՕՐՕ-ի դեմ. Արմեն Մարտիրոսյան
Իշխանությունը ժողովրդի ձեռքից վերցրել է ամեն ինչ, բացի ձայնից, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՕՐՕ դաշինքի պատգամավորի թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
«Ակնհայտ է, որ իշխանությունը մի քանի թեզ ունի, որի միջոցով փորձում է վերարտադրվել: Առաջինն այն է, որ իշխանությունը պնդում է՝ ինքն անպարտելի է, ով էլ գա, նույնն է լինելու: Երկրորդը՝ առձեռն փող է առաջարկում, որի միջոցով ձայներ է փորձելու գնել: Երրորդն էլ՝ կեղծ սոցիոլոգիական հարցումներ է անում», - ընդգծեց նա:
Անդրադառնալով օրերս Gallup International Association-ի հրապարակած հարցման արդյունքներին, որի համաձայն՝ ՕՐՕ դաշինքը ստացել էր ընտրողների ձայների 1,8 տոկոսը, Արմեն Մարտիրոսյանը նշեց.
«Ժամանակին կային կոպերատիվ ռամկավարներ, կոպերատիվ հնչակյաններ, հիմա կա կոպերատիվ Gallup: Ի դեպ, Միացյալ նահանգների Gallup-ը հայտարարություն է տարածել, որ այս մեկն իրենց հետ ոչ մի կապ չունի: Բացի այդ, որևէ հեղինակավոր սոցիոլոգիական կենտրոն ընտրությունների նախաշեմին նմանատիպ վարկանշային տվյալներ չի հրապարակում»:
Վերջինս ընդգծեց, որ Gallup-ի հրապարակումը իշխանություններին հատուկ ձեռագիր է՝ ուղղված ՕՐՕ-ի դեմ:
«Մենք աշխատանքային այլ սոցիոլագիական տվյալների էլ ենք տիրապետում ու, բնականաբար, իրենց հրապարակած տվյալները իրականության չեն համապատասխանում, ոչ միայն մեր, այլև՝ իշխանության մասով», - եզրափակեց նա: