06/03/2017 11:35
Եթե ընտրությունները լինեին առաջիկա կիրակի, ընտրողների մեծամասնությունը ձայն կտար «Ծառուկյան» դաշինքին. Gallup
Եթե խորհրդարանական ընտրություններն անցկացվեին առաջիկա կիրակի, ապա հարցված քաղաքացիների ամենամեծ թիվը՝ 26,4%-ն իր ձայնը կտար «Ծառուկյան» դաշինքին, այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացնելով Gallup International Association-ի հայաստանյան ներկայացուցչության անցկացրած հարցման արդյունքներն, ասաց ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը:
«Հարցվողների 26,4% պատասխանել է, որ իր ձայնը կտա «Ծառուկյան» դաշինքին, 22,8%-ը՝ ՀՀԿ-ին, 4,3%-ը՝ «Ելք» դաշինքին, 3,9%-ը՝ ՀՅԴ-ին, 3,4%-ը «Ազատ դեմոկրատներ» կուսակցությանը, 2,7%-ը՝ «Հայկական վերածնունդ» կուսակցությանը, 2,6%-ը՝ Կոնգրես-ՀԺԿ դաշինքին, 1,8%-ը՝ ՕՐՕ դաշինքին և 1%-ը՝ Հայաստանի Կոմունիստական կուսակցությանը», - ներկայացրեց Արամ Նավասարդյանը:
Նա նշեց՝ այսպիսով մեկնարկային փուլում հարցումների տվյալներով, խորհրդարան անցնելու պոտենցիալ ունեն 5 ուժեր՝ ՀՀԿ-ն, «Ծառուկյան» դաշինքը, «Ելք» դաշինքը, ՀՅԴ-ն և Ազատ դեմոկրատները:
«Պետք է նշեմ, որ հարցումն անցկացվել է համամասնական ընտրակարգի վերաբերյալ և դրանում հաշվի առնված չէ, այսպես ասած, ռեյտինգային ընտրակարգը», - ասաց Արամ Նավասարդյանը:
Հարցումն անցկացվել է 1146 քաղաքացիների շրջանում՝ փետրվարի 23-ից մարտի 2-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ մարզերում և Երևանում: