11/03/2017 12:15
ՌԴ Արևելագիտության ինստիտուտի ղեկավար. Ռուսաստանի կողմից զենքի վաճառքն Ադրբեջանին հակամարտության սրման զսպող գործոն է
Մենք ապրում ենք հետխորհրդային տարածքում, որտեղ Ռուսաստանի ռազմավարությունը կայանում է նրանում, որ բարեկամական հարաբերություններ ունենա տարածքում եղած բոլոր պետությունների հետ, այսօր «Վալդայ» բանավեճի միջազգային ակումբի Երևանի նստաշրջանի շրջանակներում լրագրողների հետ զրույցում ասաց ՌԴ ԳԱԱ Արևելեգաիտության ինստիտուտի գիտական ղեկավար Վիտալի Նաումկինը՝ անդրադառնալով Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան հարաերություններին ու Ռուսաստանի կողմից Ադրբեջանին սպառազինություն վաճառելուն։
«Սա շատ սուր հարց է, որը չեն ընդունում մեր հայ գործընկերները։ Եկեք ասենք ուղղակիորեն, որ մենք ապրում ենք հետխորհրդային տարածքում, որտեղ Ռուսաստանի ռազմավարական գիծը կայանում է նրանում, որ ունենա բարեկամական հարաբերություններ տարածքում եղած բոլոր պետությունների հետ։ Հարցն այն չէ, որ Ռուսաստանը կատարում է որոշ գործողություններ, որոնք կարող են վնասել Հայաստանին, ես կարծում եմ, որ դա լիովին բացառված է», - ասաց Վիտալի Նաումկինը։
Aysor.am-ի թղթակցի դիտարկմանը, որ հենց այդ զենքով են կրակում Լեռնային Ղարաբաղում, Վիտալի Նաումկինը պատասխանեց, որ զենքի վաճառքի շուկան այսօր ազատականացված է և կամայական երկրից կամայական զենք է հնարավոր գնել:
«Ռուսաստանի և Ադրբեջանի միջև կա ռազմատեխնիկական համագործակցություն, այն ոչ ոք չի հերքում, սակայն, կարծում եմ, այն զսպող գործոն է և օգնում է, որ, այնուամենայնիվ, այդ զենքերը չկիրառվեն ո՛չ ԼՂ ժողովրդի հանդեպ, ո՛չ Հայաստանի», - ասաց ՌԴ Արևելագիտության ինստիտուտի գիտական ղեկավարը։
Հերթական դիտարկմանը, որ այն փաստացի կիրառվում է, Վիտալի Նաումկինը նշեց.
«Կանգնեցնել դա մենք, ցավոք, չենք կարող, բայց ես, այնուամենայնիվ, համարում եմ, որ հարաբերություններն ու գործընկերությունը Ռուսաստանի և Ադրբեջանի միջև զսպող գործոն է, ոչ թե գործոն, որը դրդում է Ադրբեջանին որոշակի ոչ ցանկալի քայլերի։ Իսկ ի՞նչ կլիներ եթե դա լիներ թուրքական զենք, կամ ամերիկյա՞ն, կամ չինակա՞ն։ Դա ազատ շուկա է։ Պետությունները սպառազինության շուկայում վարում են ազատ քաղաքականություն։ Նրանք, իհարկե, հաշվի են առնում, որ ունեն ռազմավարական գործընկերներ։ Ոչ ոք այսօր չի կարող հերքել, որ Ռուսաստանը Հայաստանի համար անվտանգության մատակարար է, Ռուսաստանը երբեք թույլ չի տա, որ Հայաստանին վնասեն կամ հարձակվեն Հայաստանի վրա: Ով էլ հարձակվի Հայաստանի վրա, Ռուսաստանը մասնակցելու է Հայաստանի պաշտպանությանը, դա բացարձակ ակնհայտ է և երկրորդը Ռուսաստանն էներգակիրների մատակարար է։ Սա ավտոմատ կերպով անէական է դարձնում մնացած ամեն ինչ», - ասաց Վիտալի Նաումկինը։