12/03/2017 21:32
Ջրառատ գյուղում բերման են ենթարկվել ՕՐՕ դաշինքի 4 համակիր. Նրանց հանդիպել են փաստաբանները
Փաստաբաններ Ինեսսա Պետրոսյանը և Կարեն Մեժլումյանը այս պահին գտնվում են ոսիկանության Վաղարշապատի բաժնում, Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի քարոզարշավից հետո տեղի ունեցած միջադեպի հետևանքով բերման ենթարկված դաշինքի 4 համակիրներին իրավաբանական օգնություն ցուցաբերելու համար։ Այդ մասին Aysor.am-ը տեղեկանում է փաստաբան Կարեն Մեժլումյանից։
«Մեր ներկայանալու մասին բաժնի պետին զեկուցելուց հետո անցել է 20 րոպե, սակայն մեզ մեր պաշտպանյալներին հանդիպել թույլ չէին տալիս, ասելով, որ սպասում են բաժնի պետի հրահանգին՝ չնայած նրան, որ բազմիցս պարզաբանեցինք, որ պետի մոտ չենք եկել, այլ՝ մեր պաշտպանյալների», - նշում է փաստաբանը։
Մեժլումյանի խոսքով, սակայն, որոշ ժամանակ անց փաստաբաններին թույլ են տվել հանդիպել իրենց պաշտպանյալների հետ։
Ավելի վաղ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի մամուլի խոսնակ Արեգնազ Մանուկյանը տեղեկացրել էր, որ Ջրառատ գյուղում անցկացրած հաջող քարոզարշավից և գյուղացիների ջերմ ընդունելությունից, «թերևս, սրտնեղած՝ նույն գյուղի գյուղապետ, ՀՀԿ ներկայացուցիչ Սամվել Գալստյանի (սույն գյուղապետը ոչ անհայտ փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի բարեկամն է, իսկ գյուղն էլ՝ նույն Երանոսյանի ծննդավայրն է) կողմից սպառնալիքներ է հնչեցվել գյուղի բնակչի, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համակրի հանդեպ»։
«Ընդ որում՝ գյուղապետի շրջապատը ներկայացնող անձանցից մեկը դաշինքի կողմնակցի վրա ատրճանակ է ուղղել։ Ատրճանակը «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի կողմնակիցները խլել են նրա ձեռքից եւ վնասազերծել օրինախախտին:
Ոստիկանության ղեկավարության ներկայացուցիչները խոստացել են գեներալ Օհանյանին, որ անաչառ քննություն կիրականացնեն եւ օրինախախտման բացակայության պարագայում ազատ կարձակեն «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի կողմնակիցներին: