Եթե Ադրբեջանն ուզում է, որ իր դրոշը ծածանվի Արցախում` թող ճանաչեն մեզ, մենք կտրամադրենք դեսպանատուն. Դավիթ Բաբայան
16/03/2017 12:41

Եթե Ադրբեջանն ուզում է, որ իր դրոշը ծածանվի Արցախում` թող ճանաչեն մեզ, մենք կտրամադրենք դեսպանատուն. Դավիթ Բաբայան

Ադրբեջանը, եթե հայտարարում է, որ շահագրգռված է հակամարտությունը կարգավորել խաղաղ ճանապարհով՝ չպետք է տապալի այդ գործընթացը, Aysor.am-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը:

«Եթե Ադրբեջանը հայտարարում է, որ շահագրգռված է խաղաղ ճանապարհով լուծել հակամարտությունը, չպետք է պրակտիկայում այնպիսի քայլեր ձեռնարկի, որոնք տապալում են  խաղաղ գործընթացը, այսինքն` վարի հայատյաց քաղաքականություն, առաջ բերի աննորմալ գաղափարներ», - ասաց Դավիթ Բաբայանն` անդրադառնալով Իլհամ Ալիևի հայտարարությանը, թե «Բաքուն ցանկանում ԼՂ հակամարտության վերջնական կարգավորում խաղաղ ճանապարհով, սակայն միջազգային հանրության որոշումների և բանաձևերի իրագործման մեխանիզմներ չկան»:

Մեկնաբանելով Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղարի հայտարությունը, որ Հայաստանը 2016-ի հունիսից խուսափում է բանակցություններից և հայկական կողմի նախապայմանները բանակցությունների վերսկսման համար անընդունելի են, Դավիթ Բաբայանն ընդգծեց, որ հայկական կողմերը երբեք նախապայմաններ չեն դրել.

«Երբևիցե հայկական կողմերը որևէ նախապայման չեն դրել: Այսինքն, մենք պատրաստ ենք քննարկել խաղաղ բանակցային գործընթացի տարբեր բաղադրամասեր: Նախապայմաններ դնում է Ադրբեջանը` խոսելով անցյալին վերադառնալու մասին, տարածքներ է ուզում, հայտարարում է, որ որևէ ձևով չի ճանաչելու Արցախի ինքնորոշման փաստը: Ամեն օր հայտարարում է, որ Ադրբեջանի դրոշակը ծածանվելու է Արցախում: Եթե ուզում են դրոշակը ծածանվի` խնդրեմ, ասել ենք, թող ճանաչեն մեզ և մենք կտրամադրենք նրանց դեսպանատուն, թող այդ դրոշակը իրենց դեսպանատանը ծածանվի», - ընդգծեց Դավիթ Բաբայանը:

Եթե Ադրբեջանն ուզում է, որ իր դրոշը ծածանվի Արցախում` թող ճանաչեն մեզ, մենք կտրամադրենք դեսպանատուն. Դավիթ Բաբայան