16/03/2017 14:45
Ապրիլյան պատերազմից հետո, ընդդեմ Ադրբեջանի, 700-ից ավելի հայց է ներկայացվել ՄԻԵԴ. Գևորգ Կոստանյան
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) շրջանառության մեջ է դրել Ադրբեջանի դեմ 23 գործ՝ կապված ապրիլյան պատերազմի ընթացքում հանցագործությունների հետ, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանը։
Նրա խոսքով՝ ապրիլյան պատերազմի զոհերի, վիրավորների իրավունքների պաշտպանության հետ կապված՝ 700-ից ավելի հայց է ներկայացվել Եվրոպական դատարան ընդդեմ Ադրբեջանի։
«Մենք, որպես երրորդ կողմ, արդեն ներգրավված ենք պաշտոնապես այդ դատավարության մեջ, դեռևս ժամկետ ունենք ներկայացնելու մեր դիրքորոշումն այս հարցերի կապակցությամբ», - նշեց Գ. Կոստանյանը:
ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության ներկայացուցչի խոսքով՝ Ադրբեջանում հայտարարել են 500 հայցի մասին։
«Իրենք կարող են ավելի մեծ թիվ էլ ներկայացնել, հարցի երկրորդ կողմն է, բայց փաստը հետևյալն է, որը շատ կարևոր է. ընդդեմ Հայաստանի ներկայացված հայցերով Հայաստանը պատասխանող կողմ է, Ադրբեջանի կողմից ներկայացված հայցերով Հայաստանը երրորդ կողմ է: Բայց երկու դեպքում էլ Հայաստանը եվրոպական դատարանի կողմից ծանուցվում է», - մանրամասնեց Գևորգ Կոստանյանը։