16/03/2017 13:01
Լավրով. Երբ Երևանն ու Անկարան նստեն բանակցային սեղանի շուրջ՝ Ռուսաստանն ակտիվորեն կաջակցի
Ռուսաստանը կողջուներ, եթե ԵԱՏՄ-ի արտաքին սահմանային հատվածը` հայ-թուրքական սահմանը բաց լիներ մարդկանց, ապրանքների և ծառայությունների ազատ տեղաշարժի համար, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը՝ «Regional Post - Caucasus» ամսագրին տված հարցազրույցում, որը հրապարակվել է ՌԴ ԱԳՆ-ի կայքում:
«Դա, անկասկած, օգտակար կլինի տարածաշրջանի համար», - նշել է նա:
Ս. Լավրովը հիշեցրել է, որ Ռուսաստանը 2007-2009 թվականներին կարևոր դեր է խաղացել Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների ապասառեցման գործընթացի ակտիվ փուլում:
«Ցավոք, ավելի ուշ նորմալացման գործընթացն արգելակվել է և ներկա պահին կանգ առել: Սակայն, սկզբունքորեն կարևոր է, որպեսզի կողմերը ցույց տան, որ ընդունակ են պայմանավորվել, լուրջ և պատասխանատու որոշումներ կայացնել: Վստահ եմ, որ Հայաստանն ու Թուրքիան կարող են կարգավորել առկա խնդիրները: Միևնույն ժամանակ շատ բան կախված է հենց իրենցից: Չէ որ քաղաքական գործիչների որակը որոշվում է ոչ միայն օբյեկտիվ դժվարությունների իրատեսական վերլուծության խորությամբ, այլև լավատես լինելու ընդունակությամբ, որպեսզի կյանքի կոչվեն իրենց քաղաքացիների հույսերը և ձգտումները: Երբ Երևանն ու Անկարան նստեն բանակցային սեղանի շուրջ՝ Ռուսաստանը պատրաստ կլինի ցուցաբերել ամենաակտիվ աջակցությունը», - հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը: