20/03/2017 14:56
Սիրիայի իշխանությունները հրաժարվել են Դամասկոսում ընդունել դե Միստուրային
Սիրիայի իշխանությունները հրաժարվել են ընդունել ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ստաֆան դե Միստուրային, ով պատրաստվել է ժնևյան բանակցությունների նոր ռաունդի մեկնարկից առաջ Դամասկոս այցելել։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով իրազեկ աղբյուրին։
Գործակալության զրուցակցի խոսքով՝ դե Միստուրան դիմել է հանրապետության ղեկավարությանը հաջորդ շաբաթ ծրագրված ժնևյան հանդիպումների մեկնարկի նախաշեմին Սիրիա այցի հնարավորության խնդրանքով։ Այդ հարցին պաշտոնական Դամասկոսը պատասխանել է մերժմամբ՝ առանց պատճառների պարզաբանման՝ փաստում է աղբյուրը։
Նրա խոսքով՝ դե Միստուրան «անցանկալի անձ է դարձել Դամասկոսում»՝ ինչպես այսօր այնպես էլ ապագայում:
Ավելի վաղ Միստուրան պատվիրակություններին էր ներկայացրել փաստաթուղթ, որն առաջարկում է ստեղծել սահմանադրության, ընտրությունների և անցումային իշխանության հարցերով աշխատանքային խմբեր։
Բանակցությունների ժնևյան ձևաչափին զուգահեռ սիրիական կարգավորմանն ուղղված հանդիպումների շարք է ընթանում նաև Աստանայում։