20/03/2017 12:35
Ընտրությունների օրը փոխելու խնդիրը ավելի շատ բարոյական դաշտում է, քան իրավական. ՀԱԿ-ի իրավաբան
Կոնգրես-ՀԺԿ դաշինքում քաղաքական ուժերից որևէ տեսակի արձագանք չեն ստացել ընտրությունների օրը տեղափոխելու մասին մարտի 18-ին իրենց տարածած հայտարարությանը: Այդ մասին Aysor.am-ին ասաց հայ Ազգային կոնգրես կուսակցության իրավաբան Արմեն Խաչատրյանը:
Մեր հարցին, թե ինչո՞ւ է Կոնգրեսը հենց նախընտրական քարոզարշավի միջակայքում տարածում նման հայտարարություն, հատկապես այն դեպքում, երբ քարոզարշավից առաջ արված նման հայտարարությունները արձագանք չգտան քաղաքական ուժերի շրջանում, Խաչատրյանը պատասխանեց.
«Հիմա այստեղ խնդիրը ավելի շատ բարոյական դաշտում է, քան իրավական: Առանց այն էլ ընտրությունների օրը սխալ օր է նշանակված: Իսկ կոնկրետ օրվա հետ կապված, մեր կարծիքով, անթույլատրելի է այդ օրը քաղաքական նմանատիպ միջոցառում անցկացնելը»:
Հիշեցնենք՝ ԱԺ ՀԱԿ խմբակցությունը ընտրությունների օրը տեղափոխելու հարցով ստորագրահավաք կազմակերպեց Սահմանադրական դատարան դիմելու համար, բայց անհրաժեշտ թվով ստորագրություն չհավաքվեց: Բացի այդ, Հանրապետական կուսակցության առաջնորդը հնարավոր համարեց ընտրությունների օրը փոխելը, եթե այդ հարցում լինի մասնակից քաղաքական ուժերի համաձայնությունը: Քաղաքական ուժերը, սակայն, այդ հարցի շուրջ չմիավորվեցին:
«Կարձագանքեն, կարձագանքեն, չեն արձագանքի, կիմանանք, որ վերաբերմունքն այդպիսին է: Մենք պնդում ենք, որ այդ օրը որևէ քաղաքական միջացառում չարժե անել, քանի որ այդ օրը հիշատակի օր է», - ասաց Խաչատրյանը: