22/03/2017 17:26
Սերբիայի Պաշտպանական համալսարանի պատվիրակությունը այցելել է ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան
Ս.թ. մարտի 22-ին ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան այցելել է Սերբիայի Պաշտպանական համալսարանի պատվիրակությունը՝ համալսարանի ռեկտոր, դոկտոր, պրոֆեսոր, գեներալ-մայոր Մլադեն Վուրունայի գլխավորությամբ, տեղեկացնում է ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանը:
Հյուրերին ընդունել է ՊԱՀՀ-ի պետ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյանը: Նա ներկայացրել է ՊԱՀՀ-ի ստեղծման գործընթացը, ՊԱՀՀ-ի առաքելությունը, նպատակներն ու հիմնական խնդիրները: Հյուրերին ողջունել է նաև ՊԱՀՀ-ի պետի՝ գիտության գծով տեղակալ, Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետ, պատմական գիտությունների թեկնածու Բենիամին Պողոսյանը, որը համառոտ կերպով ներկայացրել է Համալսարանում իրականացվող հետազոտական գործունեությունը: ՊԱՀՀ-ում կիբեռանվտանգության, տեղեկատվական-հաղորդակցային տեխնոլոգիաների, ինչպես նաև կիբեռթվային ռեսուրսների կառավարման ուղղություններով կատարվող հետազոտությունները հանգամանորեն ներկայացրել է ՊԱՀՀ-ի ԱՌՀԻ-ի Ազգային անվտանգության քաղաքականության և տեղեկատվական-հաղորդակցային տեխնոլոգիաների կենտրոնի պետ Արման Գրիգորյանը:
ՊԱՀՀ-ի պետ, գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյանը նշել է, որ ՊԱՀՀ-ում կատարվող հետազոտությունների հիման վրա Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությանն են ներկայացվում ռազմավարական գնահատումներ և առաջարկություններ:
Հյուրերը բարձր են գնահատել ՊԱՀՀ-ի գործունեությունը և գոհունակություն հայտնել ճանաչողական այցի կապակցությամբ: Նրանք նաև հույս են հայտնեցին, որ Սերբիայի ազգային պաշտպանական համալսարանի պատվիրակության այցը Հայաստանի Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան սկիզբ կդնի երկու հաստատությունների միջև համագործակցության: