22/03/2017 17:17
Իրենք մեզ ասում են հաճախորդներ, գիշերները թաքուն հաճախում են Սերժ Սարգսյանին. Նիկոլ Փաշինյան
«Մենք եկել ենք ձեզ ասելու, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունների ժամանակ հույս ենք դնում ձեր վրա», - այսօր Հրազդանում ընտրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱԺ պատգամավոր, «Ելք» դաշինքի անդամ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ ընտրողները պետք է ընտրեն «Ելք» դաշինքին, հակառակ դեպքում նրանք անուղղակիորեն ուժեղացնում են այն համակարգը, որն այսօր գոյություն ունի ՀՀ-ում։
Դիմելով «Ծառուկյան» դաշինքի՝ «Ելք»-ին քննադատող ներկայացուցիչներին՝ Փաշինյանն ասաց. «Բա Սերժ Սարգսյանը ինչո՞ւ ձեզ չի սնանկացնում։ Ինչի՞ է ձեր հարստությունը թողնում, որ աշխատեք, հեռուստաընկերություններ ունենաք, բիզնեսներ ունենաք և ծաղկեցնեք այդ բիզնեսները։ Այսօր որոշ մարդկանց լեզուն պտտվում է, մեր մասին, մեր թիմի ներկայացուցիչների մասին ասում են «վայ դրանք հաճախորդներ են», իրենք մեզ ցերեկները ասում են հաճախորդներ, գիշերները թաքուն հաճախում են Սերժ Սարգսյանին. էս է ընտրությունը ժողովուրդ և էս ընտրությունը մենք պետք է հասկանանք»։
Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ «Ելք» դաշինքը ունի թե մարդկային, թե ինտելեկտուալ, թե ծրագրային ներուժ ՀՀ պետական կառավարումը ստանձնելու և այդ պետական կառավարումը բարեհաջող իրականացնելու այնպես, որ Հայաստանը հաղթահարի հուսահատության այս ճահիճը։
«Մեզ ասում են, բա ո՞վ է ձեր վարչապետի թեկնածուն, բա ո՞վ են ձեր նախարարների թեկնածուն, մենք ասում ենք, մեր վարչապետի թեկնածուների պակաս չունենք և մեկի փոխարեն ունենք 3 վարչապետի թեկնածու, որին ուզում եք ընտրեք», - իր խոսքում նշեց Փաշինյանը։