23/03/2017 11:58
Ժողովուրդ ջան, այսպես չի կարող շարունակվել, անպայման, մի բան պետք է փոխել դեպի լավը. Գագիկ Ծառուկյան
«Ծառուկյան» դաշինքի ղեկավար Գագիկ Ծառուկյանի նախընտրական հանդիպումն այսօր Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում է։
«Ես եկել եմ ձեզ ասելու, ոչ թե խաբելու, այն, ինչը որ կարող ենք անել։ Ամբողջ հանրապետությունով մեկ շրջում եմ ու բոլոր տեղերով նույն հարցն է։ Ոչ մեկն էլ օգնություն չի ուզում, պայման ու հնարավորություն է ուզում, որ կարողանա ապրել», - հայտարարեց Գագիկ Ծառուկյանը։
Նա ասաց, թե ցանկացած մարդ, ցանկացած ղեկավար պետք է շրջի գյուղերով, մտնի մարդկանց տները, տեսնի մարդկանց ապրելակերպը։
«Այո՛, ժողովուրդ ջան, այսպես չի կարող շարունակվել, անպայման, մի բան պետք է փոխել դեպի լավը։ Դրա համար պետք է թոշակների բարձրացում, աշխատավարձի բարձրացում, բանկի տոկոսների իջեցում, գազի, հոսանքի գների էժանացում։ Այսօր ինչ ծրագրեր էլ լինեն, պետք է աշխատատեղ ստեղծվեն», - հայտարարեց Գագիկ Ծառուկյանը։
Նա նշեց, թե որքան էլ թոշակները բարձրացնեն, դրանով առկա խնդիրները չեն լուծվելու, պետք է ներդրումներ կատարվեն։