26/03/2017 22:03
Չեմ կարծում, թե Սամվել Բաբայանը էդպիսի մանրուքներով կզբաղվեր. Սեյրան Օհանյան (Տեսանյութ)
Պաշտպանության նախկին նախարար, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի առաջնորդ Սեյրան Օհանյանը ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի գործով հավատում է ոչ թե Գլխավոր դատախազությանը, այլ Բաբայանի փաստաբանին։
«Փաստաբանը հերքել է դատախազության հաղորդագրությունը։ Նա ավելի լավ է տիրապետում այդ խնդիրներին, մենք հետևում ենք բոլոր խնդիրներին ու հավատում ենք փաստաբանին», - Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սեյրան Օհանյանը։
Դիտարկմանը, թե Գլխավոր դատախազությունը տեղեկացրել էր, որ Սամվել Բաբայանը ասել է, որ առնչություն է ունեցել կատարվածին, սակայն փաստաբանը մեղադրանքն է հերքում, Սեյրան Օհանյանը արձագանքեց. «Մենք հավատում ենք փաստաբանին, որն ասում է, որ նման բան չկա, ինքը հերքել է»։
Ս.Օհանյանը նաև ասաց, որ Բաբայանի հետ կատարվածի մեջ քաղաքական ենթատեքստ է տեսնում. «Քաղաքական գործընթացների ընթացքում, առանց որևէ մի բանի Ազգային անվտանգության ծառայության կողմից ձերբակալվում է մեր գաղափարակից, մարտական ընկերը, ինչը մեզ համար անընդունելի է։ Ես չեմ կարծում, թե Սամվել Բաբայանը կարող էր էդպիսի մանրուքներով զբաղվել»։
Մեկնաբանելով Էջմիածնում ՕՐՕ դաշինքի շտաբի աշխատակցի նկատմամբ ատրճանակի գործադրմամբ սպառնալիքները, Օհանյանն ասաց, որ դա պայմանավորված է դաշինքի ձեռք բերած ուժով։ «Դաշինքը ցույց է տալիս իր հարաճուն ուժը և վճռականությունը առաջ գնալու», - ասաց Օհանյանը։