12/04/2017 18:19
Ռուսաստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը մշակել են ՀՕՊ միասնական համակարգերի մասին համաձայնագրեր
Ռուսաստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը մշակել են միասնական հակաօդային պաշտպանության համակարգերի ստեղծման մասին համաձայնագրեր: Այդ մասին հայտնել է գլխավոր շտաբի ղեկավարը՝ ռուսական Օդատիեզերական ուժերի գլխավոր հրամանատարի առաջին տեղակալ Պավել Կուրաչենկոն ԱՊՀ անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհրդին կից ՀՕՊ հարցերով համակարգման կոմիտեի նիստի ժամանակ, փոխանցում է РИА Новости-ն:
Ռուս գեներալի խոսքով՝ այժմ փաստաթղթերը միջգերատեսչական համաձայնեցման փուլում են:
Կուրաչենկոն հիշեցրել է, որ նմանատիպ համաձայնագրեր են արդեն կնքված Հայաստանի, ինչպես նաև Բելառուսի և Ղազախստանի հետ:
Ավելի վաղ Օդատիեզերական ուժերի գլխավոր հրամանատար Վիկտոր Բոնդարևը հայտարարել է, որ տարածաշրջանային սկզբունքով հակաօդային պաշտպանության համակարգերի հետագա ինտեգրումը զինվորականների համար առաջնահերթություն է: Այդ ծրագիրը նախատեսում է ՀՕՊ միասնական համակարգերի ստեղծում Արևելաեվրոպական, Կովկասյան և Կենտրոնասիական տարածաշրջաններում: