15/04/2017 12:16
Գոշի լճի տարածքում մշտական շինություն չի լինելու, կերուխումը բացառվելու է. Բնապահպանության նախարար (Լուսանկարներ)
Այսօր մի խումբ բնապահպան ակտիվիստների ու արշավականների հետ Ամերիկյան համալսարանում հանդիպման ժամանակ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը վստահեցրեց, որ Գոշի լճում որևէ շինություն չի կանգնեցվելու:
«Ես ձեզ վստահեցնում եմ՝ Գոշի լճում որևէ շինություն չի կառուցվելու, բացառվում է մշտական շինության գոյությունը, էկոլոգիային վնաս պատճառող, կերուխում ասված երևույթը պիտի բացառել: Նման բան չի լինի», - ի պատասխան բնապահպանների բազմաթիվ հարցերի՝ հայտարարեց Մինասյանը:
Ակտիվիստները նախարարի հետ հանդիպմանը պահել էին՝ «Փրկենք Գոշը», «Բնությունը մենք ենք, #հեռուԳոշից» գրություններով պաստառներ:
Բնապահպանները նախարարի հետ հանդիպմանը ասացին, որ իրենք որևէ քաղաքական ուղղվածություն չունեն, ուղղակի ցանկանում են, որ Գոշի լիճը մնա անաղարտ: Նրանք նախարարից հետաքրքրվեցին, թե կա՞ ինչ-որ ծրագիր կամ մտադրություն, որով կկանխվի ցանկացած կառուցապատում Գոշի լճում:
Նախարար Մինասյանը տեղեկացրեց, որ 2015-ին մրցույթի արդյունքում Գոշի լճի տարածքը՝ շուրջ 3,8 հա, հանձնվել է «Վենդոռ» ՍՊԸ-ին՝ էկոտուրիզմի գործունեություն ծավալելու համար: «Միաժամանակ նրանց առջև պահանջ է դրվել, որ ցանկացած ծրագիր, ցանկացած մեծ գաղափար իրականցնելուց առաջ պետք է տեղեկացնել կառավարությանը», -ներկայացրեց նախարարը:
Անդրադառնալով վերջին օրերին տեղի ունեցածին, Մինասյանն ասաց, որ ընկերությունը պնդել է, թե իրենք փորձել են թրթուռավոր տրակտորի օգտագործմամբ մաքրել լճի հարակից հատվածը, ինչը կասեցվել է «Դիլիջան» ազգային պարկի ղեկավարության կողմից ու քաղաքացիական ակտվիստների ակտիվ արձագանքի արդյունքում:
«Այժմ այնտեղ կասեցված է ցանկացած գործունեություն, քանի դեռ այդ ծրագիրը չի մշակվել, չի անցել համապատասխան փորձաքննություն, որը պետք է լինի հրապարակային: Ամենակարևորն այն է, որ այս տարածքը մնա բնության մաքուր ու արշավախմբերի համար ցանկալի վայր լինի», -ասաց նախարարը: Նա տեղեկացրեց, որ շուտով տիղմը ձեռքով տարածքից կհեռացվի և լիճը առաջիկա մեկ ամսվա ընթացքում կվերականգնվի:
Ակտիվիստներին Արծվիկ Մինասյանն ասաց, որ իր համար փողը առաջնային նշանակություն չունի և սկզբունքային չէ, այլ կարևորում է, թե ինչ է կատարվում:
«Եթե աջակցություն ստանանք ձեզանից, ապա մենք միասին կարող ենք շատ բան փոխել», - դիմելով ակտիվիստներին՝ ասաց բնապահպանության նախարարը:
Ակտիվստներից մեկի դիտարկմանը, թե «Դիլիջան» Ազգային պարկը «խեղճուկրակ է», որ ցանկացած տեխնիկա կարող է մտնել ու ավիրել տարածքը, նախարարը արձագանքեց, որ իր հրամանով «Դիլիջան» ազգային պարկում ծառայողական քննություն է նշանակվել՝ պարզելու, թե ինչո՞ւ տեղյակ չեն եղել, որ տեխնիկա է մտել Գոշի լճի տարածք:
Նա հորդորեց բնապահպաններին սպասել, մինչև ծրագիրը կներկայացվի և հետո միայն կխոսեն ըստ էության:
Ավելի վաղ Գոշի լճի հարակից տարածքում իրականացվող հողային աշխատանքների մասին լուսանկարներ հրապարակել էր «Արշավականներ» ակումբի անդամ, բնապահպան-ակտիվիստ Գոռ Հովհաննիսյանը:
Նրա հրապարակած լուսանկարները ուղեկցվում էին հետևյալ գրությամբ. «Այստեղ առաջ Գոշի լիճն էր: Նկարում լճի չորացած ու էլ գոյություն չունեցող մասն է: Մնացած ափերն էլ նույնպես փորել են: Խեցգետինների բները այլևս գոյություն չունեն: Առաջին ծածկված զրուցարանը պոկել են, որ երևի դրա փոխարեն շինարարություն անեն ու վճարովի տեղեր դրվեն: Եթե հիմա սրա դիմացը չառնենք, Գոշի լճի իրական հմայքին ու բնությանն ասեք՝ հաջող, խորովածանոցին ասեք՝ բարև»:
Լուսանկարները՝ Գոռ Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից