20/04/2017 19:40
Իտալիան հակառուսական պատժամիջոցների հետևանքով կորցրել է մինչև 4 մլրդ եվրո
Իտալիան Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների սահմանումից ի վեր կորցրել է 3,6 միլիարդից մինչև 4 մլրդ եվրո: Այդ մասին հայտարարել է իտալացի սենատոր, «Հյուսիսի Լիգա» կուսակցության ներկայացուցիչ Սերջո Դիվինան, փոխանցում է РИА Новости-ն:
Յալթայի երրորդ միջազգային տնտեսական համաժողովը Ղրիմում մեկնարկել է ապրիլի 20-ին: Դրան մասնակցում է ավելի քան 40 երկրներից ժամանած 1,5 հազար պատվիրակ: Նրանք հայտնի քաղաքական գործիչներ են, տնտեսագետներ, գործարարներ, ներդրողներ: Ամենաբազմամարդ պատվիրակությունն Իտալիայից է:
«Պատժամիջոցները հակասում են Եվրոպայի ներքին շահերին: Դա հարված է մեր գրպանին, հատկապես նրանց համար, ովքեր, ինչպես Իտալիան, տուժել են Ռուսաստան արտահանման նվազումից: Պատժամիջոցների սահմանումից ի վեր Իտալիայի կորուստները կազմում են 3,6 միլիարդից մինչև 4 մլրդ եվրո: Այդ ազդեցությունն զգացվում է մինչև այժմ», - Դիվինայի խոսքը մեջբերում է համաժողովի մամուլի ծառայությունը:
Սենատորը հույս է հայտնել, որ Հռոմն իր մեջ ուժ կգտնի ու կվերանայի իր դիրքորոշումը Ռուսաստանի նկատմամբ:
«Այժմ Ղրիմում է գտնվում Վենետոյի ձեռնարկատերերի պատվիրակությունը: Այդ փաստը պարզորոշ խոսում է այն մասին, որ մեր ընկերությունները ցանկություն ունեն ճեղքել շրջափակումը և իրենց ներկայությունը վերականգնել ռուսական շուկայում», - ընդգծել է Դիվինան: