21/04/2017 16:09
Չեմ կարող պատկերացնել՝ ինչպես Փաշինյանը և Փոստանջյանը կնայվեն քաղաքային տնտեսության մեջ. ՀՀԿ-ական
Հանրապետական կուսակցության քաղաքական խորհրդի անդամ, Երևանի ավագանու ՀՀԿ-ական անդամ Նաիրա Նահապետյանը բացի Տարոն Մարգարյանից, Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող մյուս ուժերի առաջնորդներին՝ Նիկոլ Փաշինյանին և Զարուհի Փոստանջյանին, չի տեսնում քաղաքապետի պաշտոնում:
«Միանշանակ, ոչ մեկին կառավարման հատկություններ ունեցող թեկնածու չեմ համարում: Ընդհանրապես, մոտիկ կանգնած մարդ չեմ տեսնում, որովհետև մարդիկ են, որոնք ընդհանրապես, տնտեսություն և որևէ հիմնարկ երբևիցե չեն ղեկավարել: Մարդը պետք է ղեկավարի մի հիմնարկ, որ հասկանա, թե ոնց կարելի է աշխատեցնել: Տնտեսություն ղեկավարելը շատ բարդ բան է», - Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Նահապետյանը:
«Ելք»-ին և «Երկիր Ծիրանի» կուսակցությանը Նահապետյանը հզոր մրցակից չի համարում: «Տարոն Մարգարյանի և մեր թիմի համար նրանք մրցակիցներ չեն, որովհետև չունեն ծրագիր, չեն կատարել Երևանի համար որևէ լավ բան, երբևիցե Երևան քաղաքի օգտին Ազգային ժողովում նախաձեռնությամբ հանդես չեն եկել», - ասաց Նահապետյանը:
Նրա կարծիքով՝ մրցակցությունը անունների միջև չէ՝ Տարոն Մարգարյան, Նիկոլ Փաշինյան, Զարուհի Փոստանջյան, այլ՝ նրանց ներկայացրած ծրագրերի:
Անդրադառնալով ընդդիմադիրների կողմից հնչող քննադատություններին և նրանց կողմից պարբերաբար հնչող թևավոր դարձած արտահայտությանը՝ «սիրուն չի, Տարո՜ն», Նահապետյանն ասաց. «Ես կարծում եմ, որ նրանց համար պետք է ասել՝ սիրուն չի: Թող սկզբից գտնեն ծրագրերը, ներկայացնեն քաղաքի զարգացումը, և երևանցին հասկանա՝ ի՞նչ է տալու այդ կուսակցությունը, երբ ընդգրկվի Երևանի ավագանու մեջ, ի՞նչ կարող են իրենք տալ երևանցուն, ո՞նց են պահելու բնակֆոնդը, ո՞նց են զարգացնելու Երևանը»:
Ընդհանրապես, Երևանի քաղաքապետի ընտրությունները ՀՀԿ անդամը քաղաքական ընտրություններ չի համարում, այլ՝ քաղաքային:
Նրա կարծիքով՝ Երևանի ավագանու թեկնածուներ Նիկոլ Փաշինյանն ու Զարուհի Փոստանջյանը «բավականին շատ պրոֆեսիոնալ քաղաքական գործիչներ են» և նրանց «քաղաքային տնտեսության մեջ պատկերացնելը դժվար է»:
«Նրանք շատ լավ նայվում են քաղաքականության մեջ, Ազգային ժողովում, չեմ կարող պատկերացնել՝ ինչպես կնայվեն քաղաքային տնտեսության մեջ: Բայց, երևի թե, կընտելանան և կամաց-կամաց կսկսեն մեզ հետ միասին աշխատել», - հավելեց Երևանի ավագանու անդամը:
Նշենք, որ մայիսի 14-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավը մեկնարկել է այսօր: Երևանի ավագանու ընտրություններին մասնակցում է երեք ուժ՝ Հանրապետական և «Երկիր Ծիրանի» կուսակցությունները ու «Ելք» դաշինքը: