21/04/2017 10:23
Հրաձգություն Փարիզի կենտրոնում. պատասխանատվությունը ստանձնել է ԻՊ-ը
Փարիզում Ելիսեյան պալատի շրջակայքում փոխհրաձգության հետևանքով ոստիկան է զոհվել, ևս երկուսը վիրավորվել են: Տուժածների մասին տեղեկությունը ճշտվում է, փոխանցում է KP.ru-ն:
Հարձակվողը սպանվել է պատասխան կրակով։ Սակայն նրա աջակիցը, ոստիկանների տվյալով, հնարավոր է՝ թաքնվել է: Հատուկ գործողություններ են իրականացվում, Ելիսեյան պալատի մոտակայքից մարդիկ տարհանվել են: Երկրորդ հանցագործին որոնում են:
Իրավապահ մարմինները հայտարարել են, որ Ֆրանսիայի մայրաքաղաքում տեղի ունեցածը կարող է ահաբեկչություն լինել: Նրանք նաև հայտնել են, որ վնասազերծված 39-ամյա հանցագործը ներառված էր ծայրահեղականների տվյալների բազայում:
Ավելի ուշ ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է ԻՊ (Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում արգելված) ահաբեկչության խմբավորումը:
Ֆրանսիայի նախագահի թեկնածուներ (ընտրությունները նախատեսված են ապրիլի 23-ին) Ֆիյոնն ու Լե Պենը հայտարարել են, որ չեղարկել են նախընտրական այցերը: