21/04/2017 14:47
Պայմանագրային զինծառայողին անզգուշությամբ մահացու հրազենային վիրավորում հասցնելու դեպքով հարուցվել է քրգործ
ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ պայմանագրային զինծառայող, շարքային Նարեկ Զավենի Հակոբյանի՝ (ծնված` 30.08.1986թ.) մահացու հրազենային վիրավորում ստանալու դեպքի առթիվ, տեղեկացնում են Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից:
Ինչպես տեղեկացրել էին, նախնական տվյալներով՝ Նարեկ Հակոբյանը կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքն ստացել է 2017թ. ապրիլի 21-ին՝ ժամը 10:25-ի սահմաններում, Վայոց Ձորում կազմակերպված ճամբարային հավաքների ժամանակ N զորամասի 6-րդ վաշտի պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտի կողմից ինքնաձիգը մաքրելիս զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով առաջացած կրակոցից:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 3-րդ մասով` զենքի, ռազմամթերքի և շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող առարկաների, նյութերի հետ վարվելու կանոնները խախտելն, ինչն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ:
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ զինծառայողի մահվան բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։