22/04/2017 11:23
Երևանի ավագանու ընտրություններ. ՀՀԿ-ն խոստանում է իրականացնել երևանցիների՝ տարիներ շարունակ եղած երազանքները
Երևանի ավագանու ընտրություններին Հայաստանի Հանրապետական կուսակցությունը մասնակցում է «Հանուն Երևանի» կարգախոսով, որն իր մեջ ներառում է «Հանուն կանաչ Երևանի», «Հանուն առողջ Երևանի», «Հանուն բարեկարգ Երևանի», «Հանուն բարեփոխումների Երևանի» և, ըստ ոլորտների, զարգացման այլ հեռանկարներ։
«Հանուն զարգացող Երևանի» ծրագրում ՀՀԿ-ն առանձնացրել է քաղաքաշինության ոլորտը՝ ընդգծելով, որ կուսակցությունում հավատում են Երևանի այն տեսլականին, որի կենտրոնում քաղաքացին է և նրա կյանք որակի բարելավումը։
«Հանուն զարգացող Երևանի» ծրագրում ՀՀԿ-ն նպատակ է դրել բեռնաթափել Երևանի կենտրոնի երթևեկությունը՝ կառուցելով շրջանցիկ ճանապարհներ։
«Հանուն բարեկեցիկ Երևանի» ծրագրում է ընդգրկված բնակելի ֆոնդի հարցը։ Այս ծրագրում կուսակցությունն ընդգծել է, որ բոլոր մարդիկ պետք է արժանապատիվ ապրելու հնարավորություն ունենան, իսկ «ՀՀԿ-ն հանձն կառնի երաշխավորելու այդ հնարավորությունը»։
Ամենից շատ քննարկվող տրանսպորտի հարցը ընդգրկված է «Հանուն բարեփոխվող Երևանի» ծրագրում, որտեղ նշված է, թե հանրային տրանսպորտի ոլորտն ամբողջապես փոփոխության կենթարկվի՝ համապատասխանեցվելով միջազգային չափանիշներին։
ՀՀԿ-ի ծրագրերից է«Հանուն էկո Երևանի»-ն, որն իր մեջ ն երառում է կանաչապատման ու սանիտարամաքրման հարցը։ Նշված է, որ ՀՀԿ-ի առաջանահերթությունների շարքում են Երևանի համար նոր աղբավայրի կառուցումն ու հին աղբավայրերի մեկուսացումը, կանաչ տարածքների շարունակական ավելացումն ու խնամքը։
Շինարրարության ու բարեկարգման հարցը ՀՀԿ-ն ընդգրկել է «Հանուն բարեկարգ Երևանի» ծրագրում։ «Մեր համոզմունքն է, որ Երևանի բնակիչներն արժանի են լավագույն քաղաքային պայմանների։ Մենք հավատում ենք, որ Երևանի համաչափ զարգացմանն այլընտրանք չկա»,-վստահեցնում են ՀՀԿ-ից։
«Հանուն մատչելի Երևանի» ծրագրում ներառված է քաղաքային կահավորման ու մատչելի միջավայրի հարցը։ ՀՀԿ-ում այն համոզմանն են, որ եթե քաղաքը հարմար է տեղաշարժման սահմանափակումներ ունեցող մարդկանց համար, ուրեմն հարմար է բոլորի համար։
Սոցիալական ապահովության ու առողջության հարցը դրված է «Հանուն հոգատար Երևանի» բաժնում, որտեղ նշված է, թե Երևանի հոգատար շունչն ու ջերմությունը պետք է դառնա յուրաքանչյուրի առօրյայի կարևոր ու անբաժանելի մասնիկը։
Կրթության ու սպորտի հարցը «Հանուն մրցունակ Երևանի» բաժնում է։ ՀՀԿ-ի համար կրթության ոլորտում ներդրված ջանքերն ու ռեսուրսները վաղվա արժանապատիվ օրվա երաշխիքն են։
Մշակույյ, զբոսաշրջություն, ներդրումներ, արտաքին կապեր. այս հարցերը ներառված են «Հանուն հյուրընկալ Երևանի» ծրագրում։
«Այն, ինչ տարիներ շարունակ եղել է Երևանի բնակիչների երազանքը, աստիճանաբար դառնալու է իրականություն», - ասված է վերը նշված ծրագրի դրությում։
«Հանուն ապագայի Երևանի»-ն ՀՀԿ-ի ծրագրի վերջին բաժինն է, որը ներառում է մասնակցային կառավարման ու խելացի քաղաքի տեսլականը։
Իշխող կուսակցության համար Երևանի տեսլականը կառուցված է մասնակցային կառավարման սկզբունքի վրա։ Առաջիկա տարիներին, ըստ ՀՀԿ-ի ծրագրի, իրենք կշարունակեն ջանքեր գործադրել Երևանը խելացի քաղաք դարձնելու ուղղությամբ։
«Երևանն այսօր արդեն բոլոր հիմքերն ունի ապագայի քաղաք դառնալու», - համոզված են ՀՀԿ-ում։
Մայիսի 14-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին Հանրապետական կուսակցության ցուցակը գլխավորելու է գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Նախընտրական քարոզչությունը մեկնարկել է ապրիլի 21-ին և կշարունակվի մինչև մայիսի 12-ը ներառյալ:
Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու է երկու կուսակցություն՝ ՀՀԿ-ն և նորաստեղծ «Երկիր Ծիրանի» կուսակցությունը, ինչպես նաև «Ելք» դաշինքը: