24/04/2017 13:44
Փարիզում անկարգությունների ժամանակ մոտ 30 մարդ է ձերբակալվել, վիրավորվել՝ 9-ը
Ֆրանսիայում նախագահի ընտրություններից հետո Փարիզում բախումներ են տեղի ունեցել, որի արդյունքում առնվազն 29 մարդ է ձերբակալվել, վիրավորվել՝ 9-ը, փոխանցում է РИА Новости-ն:
Փարիզի պրեֆեկտուրայից հայտնել են, որ թեթև վնասվածքներ են ստացել ոստիկանության վեց աշխատակից և երեք ցուցարար:
Նախագահի ընտրությունների առաջին փուլի օրը բողոքի ակցիա է տեղի ունեցել Փարիզում, որի ժամանակ վնասվածքներ են ստացել առնվազն 2 մարդ, նաև մեքենաներ են այրվել: Հաղորդվում է, որ Բաստիլի հրապարակում ցուցարարների հետ բախման ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել:
Ֆրանսիայի նախագահի ընտրությունների առաջին փուլը կայացել է կիրակի: Մայիսի 7-ին կայանալիք երկրորդ փուլին կմասնակցեն էկոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մակրոնը և «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենը: