25/04/2017 18:33
Էրդողանն իր նամակը կարող է օգտագործել Ցեղասպանության միջազգային ճանաչմանն ուղղված հայկական ջանքերի դեմ. Հակոբ Չաքրյան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ ապրիլի 24-ի կապակցությամբ ուղերձը, չնայած ավելի բովանդակալից լինելուն, ձևական բնույթ էր կրում, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց թուրքագետ Հակոբ Չաքրյանը:
«Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ուղերձն ավելի բովանդակալից էր, քան նախորդ բոլոր նամակները: Սակայն, չպետք է մոռանանք, որ Արևմուտքում, նաև Միացյալ նահանգներում և ԵՄ-ում այս շրջանում հանրաքվեի հետ կապված Էրդողանին մեղադրում են խախտումների, իր միանձնյա իշխանությունն օրինականացնելու, դեմոկրատական սկզբունքերը ոտնահարելու մեջ: Ուստի, Էրդողանն այդ նամակով ի լուր աշխարհին ցույց է տալիս դեմոկրատական տեսանկյունից հայերին ընդառաջում: Երկրորդ՝ նա կարող է այդ նամակը հետագայում օգտագործել հայերի Ցեղասպանության միջազգային ճանաչման հայկական ջանքերի դեմ: Սակայն, ընդհանուր առմամբ, Թուրքիայի որդեգրած քաղաքականությունն այդ հարցում որևէ փոփոխություն չի կրել», - նշեց թուրքագետը:
Հ. Չաքրյանն անդրադառնալով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ապրիլքսանչորսյան ուղերձին՝ ընդգծեց, որ պետք է ուշադրություն դարձնել ոչ թե այն բանին, որ Թրամփը կրկին չի կիրառել «ցեղասպանություն» եզրույթը, այլ նրան, որ այն արտահայտությունների միջոցով՝ նշելով տարեթիվը, երկիրը և զոհերի թիվը, սահմանում է հենց «ցեղասպանություն» կոնցեպտը:
Aysor.am-ի թղթակցի հարցին՝ իսկ ինչո՞ւ են ԱՄՆ նախագահները այդքան խուսափում հենց այդ բառից, թուրքագետը բացատրեց, որ Հայոց ցեղասպանությունն ազդեցության հավելյալ լծակ է Միացյալ նահանգների ձեռքում, արտասանելու դեպքում ԱՄՆ-ն այդ լծակը վայր կդնի: